Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 23-ը սեպտեմբերի․ Քոչարյանը կտրում է տորթը, Արա Սահակյանը բացում է կոնյակը, իսկ Վազգեն Սարգսյանը խմում է (տեսանյութ)

Խորհրդարանի ղեկավար Բաբկեն Արարքցյանն 1997-ի այս օրը Ազգային Ժողովին է ներկայացնում Սահմանադրական դատարանի անդամի երկու թեկնածուի՝ Ռաֆայել Պապայանին եւ Ֆելիքս Թոխյանին։ «Դատարանի ապագան ձեր ձեռքերում է»,-պատգամավորներին ասում է Արարքցյանը։ Նույն օրն Ազգային Ժողովում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը դժգոհում է, որ պատգամավորներն իրարից չեն տարբերում բանակում եւ տանը մահացած զինծառայողներին։ Նա ընթերցում է մի կնոջ նամակ, որում կինը հայտնում է, որ իր որդին մահացել է տանը, մինչդեռ նրան հռչակել են բանակում զոհված։ Երեւանի կոնյակի գործարանը 1997-ի այս օրը դառնում է 110 տարեկան ։

Դեռ չսեփականաշնորհված Գործարանում են վարչապետը, պաշտպանության եւ ազգային անվտանգության նախարարները։ Ռոբերտ Քոչարյանը կտրում է տորթը, Արա Սահակյանը բացում է կոնյակը, իսկ Վազգեն Սարգսյանը խմում է։

Մամուլի ակումբի այսօրվա թեման հայաստանյան մամուլում հակաարեւմտյան հզոր հոսանքի առաջացումն է։ «Դրան նպաստող լրագրողն իր գերեզմանն է փորում»,-հայտարարում են բանախոսները, որոնց կարծիքով ժողովրդավարությունը գալիս է Արեւմուտքից։ Երեւանում փողոցային երաժշտության մրցույթ է։ Մասնակիցները թափառաշրջիկ երաժիշտներն են, որոնք, ըստ մրցույթի պայմանների, նվագում են միայն Հայաստանի օրհներգը։ Հաղթողը Լորիս Ճգնավորյանն է, որը մրցույթի մասնակից չէ, բայց ըստ հանձնաժողովի, նույնպես թափառաշրջիկ է։

1998-ի այս օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը մերժում է Գառնիկ Նանագուլյանի խնդրանքը՝ ազատել իրեն առեւտրի եւ արդյունաբերության նախարարի պաշտոնից։ Նանագուլյանմիայն ակնարկում է, որ կան խանգարող հանգամանքներ: Ռոբերտ Քոչարյանին առընթեր Պարույր Հայրիկյանի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը քննարկում է նախագահի պաշտոնավարության ժամկետը 5 տարուց 4 տարի դարձնելու հարցը։ Կոնսենսուս չկա: Նույն օրը Հայաստանը Գերմանիայի հետ ստորագրում է վարկային եւս մեկ պայմանագիր։ Գերմանացիները 6 միլիոն գերմանական մարկ են տրամադրում միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար։ Եւս 2 միլիոն մարկ տալիս են գրանտի տեսքով։ Մարելու համար տրվում է 40 տարի ժամանակ։ Գործազրկությունը Հայաստանում նպաստում է նարդու զարգացմանը։

Շախմատի տանը 1999-ի սեպտեմբերի 21-ին երկար նարդու հերթական առաջնություն է։ Մրցանակը 50 հազարից մինչեւ 20 հազար դրամ է, որը կուտակվել է մասնակիցների կատարած 5 հազարական դրամ մուծումներից։ Մարդկանց այստեղ արգելված է դիմել բռունցքներին։ 2000-ի այս օրը «Մոսկվա» կինոթատրոնում Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» կինոնկարի պրեմիերան է։ Դահլիճում են Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը։ Ֆիլմը պատմում է երկրաշարժի եւ մարդու վրա նրա թողած ազդեցության մասին։

2000 թվականի այս օրերին Արմավիրի «Արարատ» կոնյակի գործարանի մոտ խաղողի մթերման անվերջանալի հերթեր են։ Նախորդ երեք օրերին գործարանը խաղող չի ընդունել։ Սպասումների մեջ բերքը կորցնում է իր արժեքը, որի մեկ կիլոգրամը 75 դրամ է։ Այս օրը վերջապես ընդունվում են կիսով չափ անպիտան խաղողը, սակայն սահմանափակ քանակի, ընդհանուր հաշվով 5 հազար տոննա:

2008-ի այս օրը «Հայռուսգազարդ»-ի տնօրեն Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ մյուս տարվա ապրիլի 1-ին Հայաստանում գազը կթանկանա՝ ներկայիս 110 դոլարի փոխարեն կդառնա 154 դոլար։ Նույն օրը «Հայռուսգազարդ» այցելած Սերժ Սարգսյանն ասում է, որ գազի սակագնի փոփոխությունը «չնչին չափով» կավելացնի սոցիալական ծանրաբեռնվածությունը։

2009-ի սեպտեմբերի 23-ին Լեւոն Զուրաբյանին զարմացնում են Սերժ Սարգսյանի նախաձեռնած հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին Վարդան Օսկանյանի կտրուկ արտահայտությունները: