Բացել լրահոսը Փակել լրահոսը
461770239_929797929177705_1198872184985566637_n
A A
Պաշտոնական

Գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ հետ ունեցած դաշինքի վերաբերյալ․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը․
 
 Անջա Վեհլեռ-Շոկ: «Այս զարգացումներն ազդու՞մ են Ռուսաստանի նկատմամբ բնակչության դիրքորոշման վրա։ Ռուսաստանն այս հակամարտության միջոցով իր ազդեցությունն էր փորձում պահել Հայաստանի վրա, սակայն, երբ անցյալ տարի տեղի ունեցան ադրբեջանական հարձակումները, որևէ քայլ չձեռնարկվեց: Արդյո՞ք սա հայերին Ռուսաստանից հեռացրել է դեպի Եվրոպա»:
 
 Արարատ Միրզոյան: «Շատ հետաքրքիր հարց է: Գիտեք, այլևս գաղտնիք չէ, որ հայ հասարակության մեջ մեծ հիասթափություն կա Ռուսաստանի, նրա օգնության և ՌԴ հետ ունեցած դաշինքի վերաբերյալ, քանի որ տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը մտածում էր, որ նման իրավիճակների դեպքում, Ռուսաստանը մեզ կօգնի, կպաշտպանի և այլն: Այժմ նրանք տեսնում են, որ դա այդքան էլ այդպես չէ, և մենք օգնություն չենք ստանում: Ավելին, դուք գիտեք, որ 2020 թվականի պատերազմից հետո ռուս խաղաղապահներ էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ ապահովելու բնակչության անվտանգությունը, սակայն մենք տեսանք, որ բռնի տեղահանման ընթացքում խաղաղապահ առաքելությունն իրեն չարդարացրեց:
Ավելին, մենք, Ռուսաստանի և մյուս երկրների պես, անդամակցում ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, սակայն, երբ հարձակումներ տեղի ունեցան միջազգայնորեն ճանաչված մեր սահմանների վրա, կրկին ականատես եղանք, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ից մեր մյուս դաշնակիցները չարձագանքեցին, նրանց արձագանքը չէր համապատասխանում մեր սպասելիքներին։ Այսպիսով, ինչպես արդեն նշեցի, դա մեծ հիասթափություն է առաջացրել և այժմ Հայաստանում մարդիկ դիտարկում են այլ տարբերակներ:
Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, մենք իսկապես հավատում ենք վերջինիս սկզբունքներին և հասկանալի է, որ դա մեզ ավելի է մոտեցնում ԵՄ-ին ու ԱՄՆ-ին: Այսպիսով, հասարակության մեջ ձևավորված արժեքների տեսանկյունից, մենք մոտեցել ենք ԵՄ-ին և արևմտյան երկրներին: Անվտանգության առումով, Հայաստանի բնակչությունը հոգեբանորեն իրեն կապված էր տեսնում Ռուսաստանի հետ: Այժմ, այդ երկրորդ բաղադրիչը փլուզվել է, և մարդիկ չեն տեսնում այլ պատճառ, որը կխոչընդոտեր ԵՄ-ի հետ հարաբերությունների ավելի սերտացմանը»: