Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարությունը Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած տնտեսավարողներին աջակցություն կհատկացնի (տեսանյութ)

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացման հատկացնել  300 մլն դրամ: Միջոցառումն առաջարկվում է ավելացնել էկոնոմիկայի նախարարության «Գիտելիքահենք նորարարական տնտեսությանը և փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության» ծրագրում։  Շահառուների թիվը շուրջ150 է:

 

Ինչպես նշել է  էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Լոռու և Տավուշի մարզերի տուժած տնտեսվարողների շրջանակը և պատճառված վնասներն այս ընթացքում գույքագրել է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովը: Տեղումների հետևանքով վնասներ կրած տնտեսվարողների ցանկերը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տնտեսվարողների տնտեսական գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ՊԵԿ-ը, իսկ վնասի չափի վերաբերյալ տեղեկատվությունը՝ Քաղաքաշինության կոմիտեն: Ըստ նախարարի՝ առանձնացվել է տնտեսվարողների կրած վնասների երեք մակարդակ՝ ցածր, միջին և բարձր:

 

ՀՀ  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա 8-ով

 

Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների  ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտություն։

 

Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը նշել է, որ 2021-ի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա: Ըստ փոխնախարարի՝ հոդվածի առաջին մասով նախատեսված են այն հանցանքները, որոնք ենթակա են քննության մասնավոր մեղադրանքի վարույթով: Դրանք 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի առաջին մասով որակման դեպքում՝ գույքային վնասի չափով կամ արարքի ծանրացնող հանգամանքների բացակայությամբ պայմանավորված, վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ առանց մինչդատական վարույթի՝ անմիջականորեն դատարանի կողմից մասնավոր մեղադրանքի վարույթով: «Ներկայումս այդ հանցանքների վերաբերյալ վարույթները չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ քրեական դատավարության օրենսգրքում առկա են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսած քրեական վարույթներով: Ի տարբերություն հանրային կարգով իրականացվող քրեական հետապնդումների՝ մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից, հետևաբար մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է, և քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում: Մասնավոր մեղադրանքով վարույթը գործողության մեջ դնելու համար պետք է նշանակվեն այն իրականացնելու իրավասություն ունեցող դատավորներ, ինչը նշանակում է քրեական նշանակության դատավորների հաստիքների ավելացում»,- ասել է Արմենուհի Հարությունյանը:

 

Դատավորների ավելացման ենթակա հաստիքների թիվը որոշելու նպատակով հիմք են ընդունվել վիճակագրական մի շարք տվյալներ: Ընդհանուր առմամբ 2021 թ. հունվարի 1-ից մինչև 2023 թ. հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից: 2022 թ. հուլիսի 1-ից մինչև 2024 թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ 21 ամսում, ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով նախատեսված հանցակազմերով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է 12965 քրեական վարույթ, որից՝ 3796 վարույթ կարճվել է, 663 վարույթ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 872 վարույթով որոշումներ են կայացվել մեկ վարույթում միացնելու մասին, 7634 վարույթով նախաքննությունը շարունակվում է: Այսպիսով, 2022 թվականի հուլիսի 1-ից հետո 21 ամիսներում կարճված և դատարան ուղարկված գործերի ընդհանուր թվով հաշվարկ կատարելու պարագայում՝ մասնավոր մեղադրանքի վարույթի շրջանակներում քննության ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթներով դատարանների ապագա ծանրաբեռնվածությունը կազմելու է միջինում տարեկան մոտ 2548 վարույթ։

 

 

«Այս լրացմամբ մենք փաստացի կգործարկենք 2021 թ. ընդունված և 2022 թ. հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլուխը, որը մինչ օրս չի գործել, և կապահովվի դրանցով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի հոդվածների կիրառությունը»,- ասել է փոխնախարարը:

 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել նախաձեռնությունը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետի այն հարցին՝ նախատեսվո՞ւմ է, թե ինչ պատասխանատվություն է կրելու հայցվորը չհիմնավորված հայցերի պարագայում, Արմենուհի Հարությունյանը հայտնել է, որ օրենսգրքով՝  հանիրավի մեղադրանք ներկայացնողը ևս պատասխանատվության կենթարկվի:

 

Ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը

 

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով հաստատվել էր ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի և ծառայությունների վերաբերյալ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ձևաչափով ծրագրի իրականացումը:

 

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, օրակարգային այս հարցով տրամաբանորեն ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը:  «Ըստ էության, առաջարկում ենք նախագծով հաստատել երկրորդ փուլի, այսինքն՝ առաջարկի հարցման ներկայացման բոլոր մանրամասները, այդ թվում՝ վերջնականացված պայմանագրի նախագիծը, ինչպես նաև տեխնիկական պահանջները»,- ասել է Արփինե Սարգսյանը։

 

Փոխնախարարը նշել է, որ առկա է  միջազգային բարձր հեղինակություն ունեցող 3 որակավորված հայտատու, որից երկուսը կոնսորցիում, մեկը՝ անհատ կազմակերպության ձևաչափով։ «Շուրջ 5 ամիս մենք, ըստ ընթացակարգի, պետք է բանակցություններ վարեինք այս 3 որակավորված հայտատուների հետ, որպեսզի կարողանայինք նաև փոխընդունելի ձևակերպումներ ունենալ ամբողջ մրցույթի պայմաններում: Նշեմ, որ ուրախալի է այն փաստը, որ մենք ի վերջո կարողացել ենք այս բանակցությունները ճիշտ ժամկետում ամփոփել, և սրա արդյունքներով այսօր քննարկմանը ներկայացված է պայմանագրի այն նախագիծը, որը մի կողմից՝ իրագործելի է, իսկ մյուս կողմից՝ բարձր ստանդարտներ է երաշխավորում պետության անունից»,- ասել է  Արփինե Սարգսյանը:

 

Փոխնախարարը նշել է, որ Կառավարության հաստատումից հետո՝ հոկտեմբերի 8-ին, գնահատող հանձնաժողովը կհաստատի առաջարկի հարցման ամբողջ բնութագիրը։ «Հոկտեմբերի 10-ին արդեն մենք կհանրայնացնենք այս տեղեկատվությունը, դրանից հետո արդեն մասնակիցները հնարավորություն կունենան հայտերը ներկայացնելու: Եվ  հայտերի ներկայացման համար մինչև 2025 թվականի հունվարի 10-ը հայտատուները ունեն հնարավորություն։ Հունվարի 11-ից սկսած մենք արդեն սկսելու ենք բուն գնահատման պրոցեսը հենց գնահատող հանձնաժողովի կողմից և, ըստ էության, 80 օր ժամկետ ունենք, որպեսզի կարողանանք ամփոփել ամբողջական տվյալները։ Մենք գնահատելու ենք երկու կոմպոնենտ՝ որակ և գին», -ասել է ՆԳ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ առաջնահերթությունը տրվելու է որակին:

 

2025 թվականի մարտի վերջին կլինի հաստատված հաղթող ընկերություն՝ ըստ ներկայացրած առաջարկների, և վերջինիս կտրվի  ժամանակահատված՝  ենթակառուցվածքը ներդնելու  և արտադրությունը սկսելու համար:

 

Արփինե Սարգսյանի խոսքով՝  պրակտիկ առումով բիոմետրիկ անձնագիրն անձի նույնականացման առումով  կտա բարձր ստանդարտ, որը թույլ կտա հարաբերվել նաև այլ պետությունների հետ։ «Այս նոր համակարգը թույլ կտա հստակ բիոմետրիկ տվյալների հավաքման և համադրման արդյունքում կրճատել այն հերթերը, որոնց մեր քաղաքացիները բախվում են օդանավակայաններում, արագ սպասարկում ունենալ: Եվ ի վերջո հասնել նրան, որ տարբեր երկրների միջև փոխգործակցության արդյունքում ավելի արժանապատիվ ճանապարհորդելու իրավունք կկարողանան մեր քաղաքացիներն ունենալ։ Սա նաև տալիս է շատ լավ նախադրյալ՝ ունենալու էլեկտրոնային կառավարման «գեյթ» ասվածներով անցնելու հնարավորություն, որովհետև անձինք կարող են անձը հաստատող այս փաստաթղթերով շատ արագ, առանց անգամ սահմանապահի հետ հաղորդակցության, անցնել սահմանային անցման կետերը»,- նշել է փոխնախարարը։

 

Գործադիրը գումար է հատկացրել  էկոպարեկների` մոբայլ համակարգով հագեցած 22 ավտոմեքենա ձեռք բերելու համար

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է վերաբաշխում կատարել Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության՝ 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցների հաշվին և 509 մլն 512 հազար դրամի չափով գումար ուղղել Սյունիքի մարզային վարչության տեխնիկական կարողությունների ընդլայնմանը: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ գումարն ուղղվելու է Սյունիքի մարզային վարչության՝ Կապանի, Սյունիքի, Սիսիանի, ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» տեղամասերի համար 22 գործառնական մեքենաներ ձեռք բերելու և դրանք մոբայլ համակարգով ու այլ տեսակի հատուկ կահավորանքով հագեցնելու համար: «22 մեքենաները հատկացվելու են մարզային վարչությանը. դրանք պիկապ տեսակի ավտոմեքենաներ են՝ դժվարամատչելի տարածքներ հասնելու համար: Դրանք հագեցված են մոբայլ նաև համակարգով: Այսինքն՝ նաև ազդանշանային համակարգերն են, կապի միջոցները, դրանք վերալիցքավորվելու, տարբեր հակահրդեհային իրավիճակներում գործելու հագեցվածություն ունեն՝ հեռադիտակներ, ջրի բաքեր, ատրճանակներ, հակահրդեհային խողովակներ»,- ասել է փոխնախարարը՝ հավելելով, որ Էկոպարեկային ամբողջ ծառայության համար նախատեսված է ձեռք բերել շուրջ 142 մոբայլ միջոցներ, որոնք տրվելու են 7 մարզի 18 տեղամասին: Շարժակազմերը գործելու են 12-ժամյա 2 հերթափոխով, յուրաքանչյուր շարժակազմում լինելու է 2 պարեկ: Լինելու է էկոպարեկների 4 խումբ՝ բարձրագույն, գլխավոր, կրտսեր, առաջատար, վերջիններիս ընտրությունը լինելու է  ըստ ստաժի ու աշխատանքային փորձառության: 2025 թ. նախատեսվում է պետբյուջեով նաև 55 մեքենայի, ինչպես նաև 142 մեքենայի մոբայլ համակարգերի ձեռքբերում: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը նշել է, որ  մնացած մեքենաները նախատեսվում է ձեռք բերել միջազգային դոնորների միջոցների հաշվին: Փոխնախարարի խոսքով՝ Էկոպարեկային ծառայությունը հագեցվելու է և՛ դրոններով, և՛ տեսանկարահանող սարքավորումներով և ծխի դետեկտորներով, ստեղծվելու է կառավարման կենտրոն, որտեղ ստացվելու են ահազանգերը, որոնց էլ էկոպարեկները պետք է արագ արձագանքեն:

 

Մհեր Գրիգորյանն ընդգծել է հանրությանը  ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը պարբերաբար ներկայացնելու անհրաժեշտությունը և նշել, որ, ըստ էության,  նոր որակի ծառայություն է ձևավորվելու:

 

Օրենսդրական նախաձեռնություններ. կընդլայնվեն կենսաթոշակային ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները

 

Կառավարության հավանությանն է արժանացել  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին օրենքով կենսաթոշակային ֆոնդերի համար սահմանված որոշ ներդրումային սահմանաչափեր բացասական ազդեցություն են թողնում ֆոնդերի կառավարման արդյունավետության վրա: Մասնավորապես, բաժնային արժեթղթերում ներդրումների փոքր սահմանաչափը (պահպանողական ֆոնդերի համար՝ 25 տոկոս) հնարավորություն չի տալիս ֆոնդերին օգտվել բաժնային արժեթղթերի՝ երկարաժամկետում բարձր և կայուն եկամտաբերություն ապահովելու հնարավորությունից և իրականացնել մարտավարական կառավարում՝ բարենպաստ իրավիճակներում մեծացնելով բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը՝ լրացուցիչ եկամտաբերություն ստանալու նպատակով: Օրինագծով նախատեսվում է ֆոնդերի ներդրումների որոշ սահմանափակումների մեղմացում, որի արդյունքում կընդլայնվեն ֆոնդերի կողմից իրականացվող ներդրումների և եկամուտների ստացման հնարավորությունները: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի հանրության խնայողությունները լիարժեք կերպով ուղղելու տնտեսության իրական հատվածի ֆինանսավորմանը: Ֆոնդերը կկարողանան որակյալ ներդրումային հնարավորությունների դեպքում ավելացնել բաժնային արժեթղթերում ներդրումների կշիռը, մասնակցել տարբեր նախագծերի ֆինանսավորմանը (միջազգային կազմակերպությունների և այլ հեղինակավոր գործընկերների հետ), որը լրացուցիչ դիվերսիֆիկացիա կապահովի, ինչպես նաև դրական ազդեցություն կունենա ֆոնդերի եկամտաբերությունների և ռիսկերի ցուցանիշների վրա: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկի հաշվարկների համաձայն՝ բաժնային արժեթղթերում ներդրումները մեծացնելու արդյունքում (25 տոկոսից 35 տոկոս) հնարավոր կլինի մեծացնել սպասվող միջին եկամտաբերությունը (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.7 տոկոս):  Այս ամենի արդյունքում հավանականությունը, որ ֆոնդերի ապահոված եկամտաբերությունը կլինի ավելի ցածր, քան գնաճն է, երկարաժամկետում  էապես նվազում է: Իրական հատվածում, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերում ուղղակի ներդրումների արդյունքում (10 տոկոսի չափով) հնարավոր կլինի ապահովել բարձր եկամտաբերություն՝ ավելի ցածր տատանողականությամբ (օրինակ՝ 30 տարվա համար միջինում տարեկան հավելյալ 0.43 տոկոս եկամտաբերությամբ և 0.2 տոկոսով պակաս տատանողականությամբ): Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներին այլ տեսակի ներդրումային ֆոնդեր կառավարելու հնարավորություն տալու դեպքում ֆոնդերի կառավարիչները կկարողանան կիրառել իրենց կարողությունները՝ ստեղծելով և կառավարելով տարբեր տեսակի ֆոնդեր, որոնց շնորհիվ կֆինանսավորվեն տնտեսության տարբեր ոլորտներ և ներդրումային նախագծեր՝ էական ներդրում ունենալով տնտեսության ֆինանսավորման այլընտրանքային գործիքների ստեղծման և զարգացման գործում: Նախագծի ընդունման արդյունքում կենսաթոշակային ֆոնդերի մասնակիցները տեղեկատվություն կարող են ստանալ միայն էլեկտրոնային եղանակով, ինչի շնորհիվ մասնակիցների ռեեստրը վարողը հնարավորություն կունենա նվազեցնելու գործառնական ծախսերը:

 

Հավանություն է տրվել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, ներդնել մեխանիզմներ քաղաքացիական ծառայողների՝ արժանիքների վրա հիմնված առաջխաղացման և հորիզոնական շարժունությունը խթանելու համար, խնայել ժամանակը և ռեսուրսները, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։ Մասնավորապես, նախագծով ներքին մրցույթն անցկացնելու համար նախատեսվել է միայն հարցազրույցի փուլ։ Համապատասխան իրավական կարգավորում նախատեսելու համար հաշվի են առնվել թե´ ներքին մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը,  թե´ 2021-2023թթ ընկած ժամանակահատվածում ներքին մրցույթների մասով  տեղեկատվական հարթակում գրանցված վիճակագրական տեղեկությունները: Մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքների բովանդակային մասով ևս փոփոխություններ են նախատեսվել։ 

 

Գործադիրը հավանություն է տվել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծի նպատակն է ապահովել իրավական հստակ հիմքեր թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի ոլորտում իրականացնել առավել արդյունավետ վերահսկողություն։ Օրինագծի ընդունման արդյունքում ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնին հնարավոր կլինի չբախվել արհեստածին խոչընդոտների թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում՝ մանրածախ վաճառակետերում իրացվող արտադրանքի նկատմամբ իրականացվող տեսչական գործողություններում։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել             վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից առավել արդյունավետ վերահսկողության իրականացում, ԵԱՏՄ երկրներում թանկարժեք մետաղների հարգերի փոխճանաչելիություն գործընթացի շարունակականություն, սպառողի շահերի պաշտպանություն։

 

Սահմանվել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը

 

Կառավարությունը սահմանել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչընդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի վարկանիշների նշագրումը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին: Ֆիլմարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճեններ քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին: Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում կինոթատրոնների տոմսային համակարգը, որում առկա տեղեկությունը անհամատեղելի է իրականության հետ: Տվյալ համակարգը թույլ է տալիս չունենալով միասնական տոմսային համակարգ առանց վաճառք իրականացնելու ստանալ տոմսերի վաճառքի վերաբերյալ տվյալներ կինոթատրոնների գործող տոմսային համակարգից: Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թ.-ի հունվարի 1-ից, քանի որ նշված տվյալների մուտքագրման նպատակով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգը ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել տվյալ համակարգի տեխնիկական չափորոշիչները, այնուհետև հայտարարել մրցույթ, ինչպես նաև համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել 2026 թ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերում: Միասնական տեղեկատվական համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների և սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, բիզնես գործընթացների թվայնացումը, որը կնպաստի պետություն-մասնավոր փոխգործակցությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը, և դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար՝ հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա:

 

Միջազգային համագործակցություն

 

Գործադիրը հավանություն է տվել 2024 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» 2021 թ. փետրվարի 16-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Արձանագրությամբ ներկայացվող փոփոխությամբ առավել կհստակեցվեն արտադրանքի անվտանգության ապահովմանն ուղղված տեսչական մարմինների գործառույթների իրականացումը, ինչը կհանգեցնի սպառողների իրավունքների պաշտպանության ապահովման բարձրացմանը, պետական վերահսկողության իրականացման պարբերականությանը: Ըստ այդմ՝ հիմնարար հիմքեր կստեղծվեն տեխնիկական կանոնակարգերի պետական վերահսկողության ոլորտում գործընթացների ընդլայնման, ինչպես նաև՝ տեսչական մարմինների միջև տեղեկատվության առավել արդյունավետ  փոխանակման համար՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շուկայում տեխնիկական կանոնակարգերին չհամապատասխանող արտադրանքի հայտնվելու դեպքերն առավել վերահսկելի դարձնելու և կանխարգելումն ապահովելու նպատակով:

 

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

 

Կառավարությունն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար: Զինծառայողի ընտանիքին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կազմում է 300000 դրամ, որը տրամադրվում է միջոցառումը հաստատելու ամսվանից, սակայն ոչ ավելի, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը: Որոշմամբ աջակցության վճարման ժամկետը ևս երկու ամսով կերկարացվի, որի արդյունքում աջակցություն կտրամադրվի  23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքներին:

 

Հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը

 

Կառավարությունը հաստատել է «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված մանկապարտեզների և նախակրթարանների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները: Ըստ հիմնավորման՝ հանրապետության շուրջ 229 բնակավայրում նախադպրոցական կրթական որևէ ծառայություն դեռևս չի մատուցվում: Մի շարք գյուղական և սահմանամերձ բնակավայրերում ՆԴՀ-ները կա՛մ բացակայում են, կա՛մ էլ իրարից բավականին հեռու են, որն էլ անհնարին է դարձնում երեխաների ներգրավումը նախադպրոցական կրթության համակարգում։ Իսկ քաղաքային համայնքներում (բնակավայրերում) ՆԴՀ-ների սահմանափակ քանակն ստեղծում է ընդունելության հերթեր, որոնք նույնպես սահմանափակում են նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Նախադպրոցական տարիքի երեխաները 236 հազար են, որոնցից ՆԴՀ-ներ չհաճախող երեխաները շուրջ 154 հազար են, այդ թվում՝ գյուղական համայնքներում՝ շուրջ 62 հազար։ Ըստ այդմ՝ առաջիկա տարիներին առաջնահերթ է գյուղական համայնքներում նախադպրոցական ծառայությունների ցանցի ընդլայնումը, ներառյալ վաղ տարիքի զարգացման ծառայությունները։ Նախադպրոցական հաստատությունների շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների պատշաճ ապահովման նպատակով առաջիկա տարիներին նախատեսվում է վերակառուցման, հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ իրականացնել 500 մանկապարտեզներում և նախակրթարաններում։ Բնակավայրերը կունենան ժամանակակից շենքային պայմաններ` ապահովված համապատասխան ենթակառուցվածքներով և գույքով, կբարելավվեն շենքերի և կոմունալ ենթակառուցվածքների ֆիզիկական վիճակը, կբարեկարգվեն բակային տարածքները: Գյուղական բնակավայրերի հաստատությունները կարող են  ընդլայնել իրենց նշանակությունը՝ գործելով իբրև համայնքային կենտրոն՝ ապահովելով բնակավայրի մշակութային, մարզական, ժամանցային միջավայրերն ու ենթակառուցվածքները։ Կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետության տեսանկյունից կարող են գործել կրթահամալիրներ, որտեղ իրականացվելու են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր։

 

Գործադիրն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշումներ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս և Արեգունի բնակավայրերում,  Սյունիքի մարզի  Գորիս համայնքի  Հարթաշեն գյուղում, Արարատի մարզի  Մասիս համայնքի  Արևաբույր գյուղում կրթահամալիրներ կառուցելու նպատակով։

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է 2024 թ.-ի պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակներում կատարել վերաբաշխում կատարողների միջև՝ 1,650,000 հազար դրամի չափով: Վերաբաշխման արդյունքում առաջացած տարբերությունը՝ տարեկան 364,300 հազար դրամի չափով ուղղվում է 300 դպրոցի ծրագրի համար ՀՀ կառավարության մասով նախատեսված և օբյեկտներով չբաշխված տողին։ Նախատեսվում է  գ. Վերիշենի միջնակարգ, ք. Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական, գ․ Իշխանասարի միջնակարգ  դպրոցների և գ․ Խնածախի, գ․ Ակների, Տեղի թիվ 2 կրթահամալիրների կառուցման համար պատվիրատու սահմանել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:

 

Այլ որոշումներ. կհստակեցվի պետական գույքի մասնավորեցման և օտարման  պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և հսկման գործընթացը

 

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է հստակեցնել պետական գույքի մասնավորեցման և օտարման  պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման և հսկման գործընթացը։ Արդյունքում հնարավորություն կստեղծվի բարձրացնել  պետական գույքի մասնավորեցման, օտարման գործարքներով սահմանված պայմանագրային պարտավորությունների կատարման մակարդակը, ինչպես նաև կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ պետական գույքի մասնավորեցման, օտարման գործընթացի վերջնական արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ըստ այդմ՝ առավել մեծ թվով ներդրումներ ներգրավելու և կնքված պայմանագրերով ստանձնած պարտավորությունների նկատմամբ հսկողության առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ու կամայականությունների բացառման նպատակով նախատեսվում է սահմանել դրույթ՝ համաձայն որի Կառավարությանը կտրվի լիազորություն համապատասխան հիմնավորման դեպքում գույքի գրավը փոխարինել բանկային երաշխիքով։

 

Կառավարությունը բավարարել է «Վի Ընդ Վի Տրանս» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող տրանսպորտային միջոցներով նախատեսում է իրականացնել միջազգային բեռնափոխադրումներ՝ հիմնական միջոցների ձեռքբերման համար իրականացնելով 174․9 մլն դրամի ներդրում։ Ներկայումս առկա է 11 աշխատատեղ՝ 274 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2025 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել՝ մինչև 20-ի 380 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 174․9 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 17․4 մլն դրամ։

 

Կառավարության մեկ այլ որոշմամբ խմելու ջրի համակարգեր կկառուցվեն Արդվի և Մղարթ  բնակավայրերում, կհիմնանորոգվի Վաղատուր բնակավայրի խմելու ջրի աղբյուրակապը և կկառուցվի 150 մ3 ՕԿՋ-ի և քլորակայանը, հնարավորինս սեղմ ժամկետում կվերակառուցվի «Արզնի 2 – Երևան» ջրատարի վթարային հատվածը։