Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկենման զարդերի ներմուծման փորձ է կանխվել (տեսանյութ)

ՀՀ ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում  հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։

Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների  մաքսային սպասարկման և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը:

Մաքսային զննման և տեսազննման արդյունքում, նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված զարդեր և թանկարժեք քարեր: Մաքսային ծառայողները, մասնավորաբար, հայտնաբերել են տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված պոլիէթիլենային 4 տոպրակ՝ 72 գրամ  քաշով։ Հայտնաբերվել են նաև ադամանդների համար նախատեսված հավաստագրեր և սերտիֆիկատի էլեկտրոնային կրիչ, 6 հատ հաշիվ-ապրանքագիր,  ադամանդե քարերի 16 գնապիտակ, ռոդիումի  խտանյութի սրվակ, ոսկերչության մեջ կիրառվող գործիքներ: Պարզվել է, որ քաղաքացին փորձել է ներմուծել  նաև զմրուխտանման, ամետիստանման, ցիտրինանման մարգարտանման և սաֆիրանման քարեր:  Անձի մաքսային զննման արդյունքում նրա տաբատի գրպանից էլ հայտնաբերվել է 21 կտոր  դեղին, ոսկենման մետաղից պատրաստված զարդեր` թևնոցներ, վզնոց և մատանի:

«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության համապատասխան (14.01.2021թ. թիվ 35-Ն) որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:

Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։