Գործարար և բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու կոչում
Աջակցիր «Ա1+»-ինՀաշվի առնելով Մասիս համայնքի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը, համայնքի բարօրությանն ու շենացմանը միտված գործունեությունը, ինչպես նաև հարգանքն ու բարձր հեղինակությունը բնակչության շրջանում, Արարատի մարզի Մասիս համայնքի ավագանու միաձայն որոշմամբ, «Գրանդ Հոլդինգի» սեփականատեր, գործարար, բարերար Միքայել Վարդանյանին շնորհվել է «Մասիս համայնքի պատվավոր քաղաքացու» կոչում:
Միքայել Վարդանյանը Մասիսում իրականացրել է հայրենանվեր և կենսական կարևորություն ունեցող բարեգործական մի շարք ծրագրեր, որոնց բացառիկությունը մեծ է համայնքի զարգացման գործում:
Մասնավորապես բարերարի մասնակցությամբ Մասիս քաղաքում կառուցվել է Սուրբ Թադեոս եկեղեցին, այժմ էլ Միքայել Վարդանյանը ֆինանսավորում է առաջնորդարանի շենքի կառուցումը: Բարերարի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգվել է Մասիսի համայնքապետարանի դիմաց գտնվող այգին, իրականացվել է «Հրանտ Վարդանյան» փողոցի հիմնանորոգումն ու լուսավորության ցանցի անցկացումը: Բարերարի ֆինանսավորման շնորհիվ Մասիս քաղաքում ամբողջությամբ լուծվել է աղբահանության խնդիրը:
Միքայել Վարդանյանը կառավարում է Մասիսում գործող 3 խոշորագույն ընկերությունները՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ը, «Մասիս Տոբակո»-ն ու «Գրանդ Մաստեր»-ը, որոնք ընդհանուր առմամբ ունեն մոտ 3500 աշխատող, նրանց գերակշիռ մասը հենց Մասիսի բնակիչներ են: