Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ղազախստանի նախագահը, ջերմ ողջունելով Հայաստանի նախագահին, նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է հայ-ղազախական հարաբերությունների՝ որակապես նոր մակարդակի բարձրացմամբ: «Վստահ եմ, որ այսօրվա պայմանավորվածությունները կօգնեն ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Մենք մեծ նշանակություն ենք տալիս բարձր մակարդակի պարբերական բնույթ կրող հանդիպումներին, որոնք ամուր հիմք են ծառայում ղազախա-հայկական գործընկերության համար։ Ղազախստանը շատ է գնահատում Հայաստանի հետ իր բարեկամական հարաբերությունները: Ղազախստանում հայ ժողովրդի նկատմամբ ջերմ վերաբերմունք կա: Ղազախստանի համար Հայաստանը հուսալի և ժամանակով փորձարկված սերտ գործընկեր է։ Մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական կապերով, ընդհանուր պատմությամբ և համանման մշակութային ու մարդասիրական արժեքներով։ Ես գոհունակությամբ եմ նշում երկկողմ հարաբերությունների դինամիկ և առաջանցիկ զարգացումը բոլոր ոլորտներում»,- ասել է Ղազախստանի նախագահը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է նաև, որ այս տարի լրանում է Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, և այս համատեքստում՝ երկկողմ հարաբերությունների համար ձևավորվել է ամուր ինստիտուցիոնալ հիմք։ «Առևտրատնտեսական փոխգործակցությանը զուգահեռ՝ մեր ժողովուրդների միջև ակտիվորեն զարգանում են մշակութային և հումանիտար կապերը ։ Անցյալ տարի Երևանում կայացան Հայաստանում ղազախական թատրոնի օրերը։ Հաջորդ տարի նախատեսվում է Ձեր երկրում կազմակերպել Ղազախստանի մշակույթի օրեր։ Այսօր արդեն մենք հանդիսավոր կերպով կբացենք Ղազախստանում Հայկական մշակույթի օրերին նվիրված միջոցառումը»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ջերմ ընդունելության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեր՝ պաշտոնական այցով Ղազախստանում գտնվելու հրավերի և ջերմ, բարեկամական ընդունելության համար: Այս այցն, անկասկած, Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև արդյունավետ զարգացող համագործակցության հերթական ապացույցն է: Վստահ եմ, որ մեր բարեկամությունը, մեր հարաբերությունները երկարատև են լինելու, քանի որ դրանք պատմական արմատներ ունեն։ Ղազախստանը մեզ համար հուսալի և բարեկամական գործընկեր է։ Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջող զարգացող տնտեսական հարաբերությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման օրակարգի վերաբերյալ հարցեր: Ընդգծվել է երկու երկրների փոխգործակցության առկա ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ ջանքերի խթանման կարևորությունը: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Ղազախստանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան և շուրջ 20-ամյա ընդմիջումից հետո Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ղազախստան։

Նախագահները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և ընդհանուր իրադրության շուրջ: Այս համատեքստում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շեշտել է Ղազախստանի պատրաստակամությունը անհրաժեշտության դեպքում հարթակ տրամադրել խաղաղության օրակարգի առաջմղման համար, ինչպես նաև ընդգծել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կարևորությունը:

Զրուցակիցները կարևորել են տնտեսական, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում շարունակական համագործակցության ընդլայնումը:

Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպմանը հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների ընդլայնված հանդիպումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: