Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի նորանշանակ դեսպանը (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Մավրոսը:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նախագահը նշել է. «Վստահ եմ, որ Ձեր նշանակումը մեր հարաբերություններում նոր ժամանակաշրջան է բացելու, մեր բարեկամական կապերը դարերի պատմություն ունեն և բնական էր, որ Հայաստանի անկախացումից հետո պետք է շարունակվեր մեր ժողովուրդների բարեկամության ավանդույթը»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, դեսպան Մավրոսը նշել է, որ իր բոլոր ջանքերը ներդնելու է երկու երկրների համագործակցության հետագա ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում փոխգործակցության օրակարգային հարցեր: Կարևորվել են մշակույթի, բարձր տեխնոլոգիաների, տնտեսական և այլ ոլորտներում առկա համագործակցային ներուժի լիարժեք կյանքի կոչմանն ուղղված քայլերը: Երկուստեք շեշտվել է մասնավորապես տնտեսության ոլորտում համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացումը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և գլոբալ իրողությունների, ընթացիկ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ:

Կողմերը երկուստեք շեշտել են նաև մոտ ապագայում Հայաստանում և Կիպրոսում նստավայր դիվանագիտական ներկայացուցչությունների բացման կարևորությունը, որոնք իրենց ներդրումը կունենան հայ-կիպրական բարեկամական հարաբերություններում:

Հանդիպմանը դրական է գնահատվել նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության հետագա ընդլայնումը: