Ագզային ժողովում նիստ է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 22-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հոկտեմբերի 22-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ Արմեն Ռուստամյանը հայտնել է, որ խմբակցությունը չի մասնակցելու հերթական նիստերի օրակարգում ընդգրկված ««Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը եւ քվեարկությանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նույնպես չի մասնակցելու վերոնշյալ նախագծի քննարկմանը եւ քվեարկությանը: Խմբակցությունը չի մասնակցել նաեւ նախագծի քննարկմանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստում տեղի ունեցած քննարկմանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Փաստաթուղթը 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրել են երկու երկրների փոխվարչապետները: 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ ու ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով: «Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու երկրներն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Կողմերը հաստատել են, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար»,- ասել է զեկուցողը: Մհեր Գրիգորյանը տեղեկացրել է, որ այնուհետեւ ՀՀ վարչապետի` 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ա որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, իսկ 2022 թվականի մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը: Փոխվարչապետի տեղեկացմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության մասին կանոնակարգից բխում է, որ հետագայում երկու երկրների միջեւ կնքվելու է պետական սահմանի մասին միջազգային պայմանագիր, եւ այն անցնելու է ներպետական ընթացակարգեր:
Հանձնաժողովների միջեւ առայսօր տեղի է ունեցել 9 հանդիպում, համատեղ ստորագրվել է 2 արձանագրություն` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման եւ մայիսի 15-ի 9-րդ հանդիպման արձանագրությունները: Ստորագրվել է նաեւ քննարկվող կանոնակարգը: Մասնավորապես` 2024 թվականի ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրությամբ նախատեսվել են սահմանազատման գործընթացի իրականացման կարեւոր սկզբունքային եւ ընթացակարգային պայմանավորվածություններ, այդ թվում` պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ սահմանազատման գործընթացում կողմերը կառաջնորդվեն Ալմա-Աթայի հռչակագրով: 2024 թվականի մայիսի արձանագրությամբ հանձնաժողովները համաձայնեցրել են երկու երկրների միջեւ սահմանագծի որոշակի առանձին հատվածների նկարագրությունը` ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով` համաձայն 1976 թվականի ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզի, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ կանոնակարգը փաստացի ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 19-ի արձանագրության հիման վրա, քանի որ արձանագրության համաձայն` կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով:
Փոխվարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրել է կանոնակարգում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ուղղած հարցերի վերաբերյալ զեկուցողը տվել է պարզաբանումներ:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ՝ նշելով փաստաթղթի քաղաքական կարեւորությունը: «Սա կողմերի միջեւ առաջին երկկողմ քաղաքական պայմանագիրն է, ինչը, կարծում եմ, կարեւոր հանգրվան է երեսնամյա հակամարտության՝ վերջին տարիներին ընթացող բանակցությունների եւ խաղաղության գործընթացի համատեքստում»,-մասնավորապես ասել է նա:
Նշվել է, որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու երկու երկրների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրը:
Մտքերի փոխանակության ընթացքում արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող տեսակետներին, թե ՀՀ Սահմանադրությունը պարունակում է դրույթ, որն, իբր, հարցականի տակ է դնում կամ տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի Հանրապետությանը: «Այսօրվա մեր այս գործընթացով մենք հստակորեն վավերացնելու ենք մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված են Ալմա-Աթիի 1991 թվականի հռչակագրի դրույթները, համաձայն որոնց՝ հստակեցված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործող սահմանը, այդ սահմանազատման գործընթացի ամբողջ տրամաբանությունը, ինչպես նաեւ տեխնիկական մասը, որն անցել է Սահմանադրական դատարանի քննության շրջանակներով: Եվ, ըստ էության, ամրագրվել է, որ ՀՀ Սահմանադրությունը որեւէ կերպ, որեւէ դրույթով չունի որեւէ իրավական ձեւակերպում, որն Ադրբեջանին կամ որեւէ այլ պետության կարող է տարածքային պահանջներ ներկայացնել»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը: