ԱՎԾ. Հայաստանցիների 6,2%-ը գործազուրկ է
Սպառողական գները, համաձայն Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների, այս տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 8,5%-ով: Ընդ որում, մայիսի նկատմամբ նկատվել է 1,4% գնանկում: Այդ թվում, պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները անցած ամսվա ընթացքում նվազել են 2.6%-ով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ. հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ գները թանկացել են 14.6%, իսկ 2011թ. մայիսի համեմատ` նկատվել է 25.6% գնանկում: Ամսվա կտրվածքով ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցված 0.1% գնաճը հիմնականում պայմանավորվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 1.3% և 0.3% գնաճով: Տարվա կտրվածքով բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 19.8% և 25.4%-ով:
Նշենք, որ 2011թ. պետական բյուջեում տարեկան գնաճը նախատեսված է 4 (+/-1,5%) միջակայքում:
Հրապարակվել է նաեւ գործազրկությանը վերաբերող զեկույցը: Համաձայն դրա` մայիսին Հայաստանում գործազրկության մակարդակը կազմել է 6,2%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կրճատվելով 0,9%-ով: Փոխարենը կրճատվել է գործազրկության նպաստ ստացողների թիվը: Անցած տարվա 25,4 հազար նպաստառուների դիմաց այս տարի մայիսին նպաստ են ստացել 18,5 հազար մարդ: Ընդ որում` միջին ամսական գործազրկության նպաստը կազմել է 17 213 դրամ(2010 -ի մայիսին` 16336դրամ)
Հիշեցնենք, որ նախօրոք հրապարակված տվյալներով` տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարի մայիսին սնցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 9,9%, արդյունաբերական արտադրանքի ծավալը, ըստ ԱՎԾ տվյալների, մայիսին տարեկան հաշվարկով աճել է 25%-ով, նախորդ ամսվա համեմատ` 11,4%-ով: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը մեկ ամսվա կտրվածքով աճել է 49,2%-ով, մինչդեռ 2010թ. մայիսի համեմատ գյուղատնտեսությունը զարգացել է ընդամենը 0,1%-ով: