Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի լրամշակված նախագծի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ին
«Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի կողմից մշակված «Հանրային տեղեկատվության մասին» օրենքի լրամշակված եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի քննարկմանը ներկայացված նախագիծը (այսուհետ նաեւ՝ Նախագիծ) դեռեւս պատրաստ չէ ընդունման. այն թեեւ որոշակիորեն փոփոխվել է, սակայն պարունակում է համակարգային այնպիսի խնդիրներ, որոնք մի կողմից կարող են մեկնաբանվել ի վնաս մարդու այլ, այդ թվում՝ տեղեկատվության ազատության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքների տեսանկյունից, մյուս կողմից կարող են լայն իմաստով անիրագործելի դարձնել տեղեկություն տնօրինող մարմիններում տվյալների կառավարման՝ Նախագծով նախատեսվող բարեփոխումները:
Մասնավորապես, ամբողջությամբ խնդրահարույց են տեղեկության բազմակի օգտագործման կարգավորումները, դրանք թյուրըմբռնումների եւ տարընթերցումների տեղիք են տալիս, առհասարակ համադրելի չեն տեղեկության ստացումը չհիմնավորելու սկզբունքի հետ, կարող են սխալմամբ կիրառվել որպես տեղեկատվության ազատության անուղղակի սահմանափակում, ինչպես նաեւ որեւէ գործնական կարգավորման բեռ չունեն եւ ըստ այդմ անհրաժեշտ չեն:
Խնդրահարույց են տեղեկությունների բացահայտման՝ Նախագծով սահմանվող կանոնները. ողջամիտ ռիսկեր կան, որ տեղեկության բացահայտման առաջարկվող կարգավորումները կարող են մի կիրառման դեպքում հանգեցնել այնպիսի տեղեկությունների սահմանափակման (գաղտնագրման), որոնք գործող կարգավորումների շրջանակում սահմանափակված չեն, կամ, մեկ այլ մեկնաբանության արդյունքում հանգեցնել այնպիսի լուծումների, որ անհամաչափորեն միջամտության կենթարկվի մարդկանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագիծը մինչեւ կառավարության հավանությանը եւ այդուհետ ՀՀ ազգային ժողով ներկայացնելը պետք է լրացուցիչ քննարկվի քաղաքացիական հասարակության հետ, վերացվեն Նախագծում սահմանադրական այլ իրավունքներին միջամտության ռիսկեր պարունակող դրույթները, եւ Նախագիծն արդյունքում ընդունվի բացառապես քաղաքացիական հասարակության հավանությամբ եւ աջակցությամբ:
Սույն հայտարարությամբ հայտնում ենք մասնագիտական եւ աշխատանքային քննարկումների պատրաստակամություն:
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ