«Երեխեքը մեջն են ընգնում, եդևացող չկա»․ Սարատովկայի բնակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏաշիր խոշորացված համայնքի Սարատովկա գյուղում խնդիրներ շատ կան,բայց ամենից շատ վերջին շրջանում այս թաղամասի բնակիչներին մտահոգում է կոյուղատարների և ջրահեռացման համակարգերի իսպառ բացակայությունը : Տարիներ շարունակ գյուղում կոյուղու ներքին ցանցի լուրջ խնդիր է եղել է,դրան գումարվել են ջրահեռացման վակերի բացակայությունն ու անբարենպաստ եղանակային պայմանները: Բնակիչներն ասում են՝ տևական ժամանակ է հակասանիտարական իրավիճակ է ստեղծվել: Կոյուղաջրերն անարգել լցվում են տների բակերը՝ անհարմարություն ու տհաճություն առաջացնելով գյուղացիների համար:
« Մեռանք էս 30 տարի դիմելով, ասում են՝ կանենք,բայց տենց էլ անող չկա ,փոքր երեխեք ունենք ,ժեշտեր ենք դրել, փակել, որ էրեխեքը մեջը չընգնեն,բա հոտը, չենք կարողանում մի պատուհան բացել »,-ասում է Նվարդ Բարսեղյանը:
Մեկ այլ բնակիչ էլ ասում է, որ կոյուղաջրերն ու անձրևաջրերը լցվում են իր տան առաջին հարկ, վերջերս վերանորոգած տունը ամբողջությամբ շարքից դուրս է եկել ,խոնավություն ու գարշահոտություն առաջացրել, բացի այդ՝ հակասանիտարական իրավիճակի հարևանությամբ է գտնվում նաև գյուղի մանկապարտեզը, փոստային բաժանմունքն ու դպրոցը:
Խնդրի մասին բազմիցս են դիմել համապատասխան կառույցներին, բնակիչների փոխանցմամբ՝ ասել են. գնացեք յուրաքանչյուրդ ձեր այգու մեջ հոր փորեք ու խնդրին լուծում տվեք:
Գյուղի վարչական ղեկավարն ասում է, որ խնդիրը համայնքի տիրույթում չի գտնվում,այլ «Վեոլիա ջուր» ընկերության, հետևաբար իրենք պարտավոր չեն արձագանքել ,բայց ամեն դեպքում՝ համայնքը պատրաստվում է սեփական ուժերով խնդրին լուծում տալ, որն է՝ կառուցել ջրահեռացման վակեր, կոյուղատարներ:
Բայց այստեղ ավելի բարդ իրավիճակ է ստեղծվում, եթե հաշվի առնենք, որ հենց այս գյուղի շրջակայքում են ձևավորվում Լոռու մարզի խոշոր բնակավայրերի խմելու ջրերի պաշարները, և որոնք գրեթե կպած են գյուղին։ Կոյուղաջրերը ստորերկրյա ջրերին խառնվելու դեպքում՝ կվտանգեն Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր քաղաքների և մի քանի տասնյակ գյուղերի բնակիչների կյանքը:
Սարատովկայում խնդիրները այսքանով չեն սահմանափակվում: Հիշեցնենք, ամիսներ առաջ Լոռին ու Տավուշը ցնցած աղետից անմասն չէր մնացել նաև այս գյուղը: Այստեղ ջրհեղեղի պատճառած վնասները նույնպես տեսանելի էին: Տաշիր գետը հունից դուրս էր եկել և քշել տարել գյուղի երկու թաղամասերը միմյանց կապող երեք հետիոտնային կամուրջները: Գետի մյուս ափին է գտնվում գյուղապետարանը, դպրոցը, մանկապարտեզը և բոլոր կարևոր այն կառույցները, որոնցից բնակիչները կարող էին օգտվել:
Մի քանի ամիս ստիպված եղան շուրջ 3 կմ ճանապարհը շրջանցել , այն էլ Տաշիրի գլխավոր մայրուղով ,որպեսզի մյուս թաղամաս հասնեն:
Երեք կամուրջներից մեկը ներկայում վերականգնվել է ,որպեսզի կապը երկու թաղամասերի միջև ժամանակավորապես վերականգնվի և դպրոցահասակ երեխաները կարողանան անխոչընդոտ դպրոց հաճախել, բայց բնակիչների խոսքով՝ դա էլ մեծ գլխացավանք է դարձել և վտանգավոր է երեխաների համար, քանի որ ոչ թե վերականգնել են ,այլ պարզապես հին մետաղական կոնստրուկտորը գտել, տեղադրել են ու խնդրին այդքանով լուծում տվել :
Վարչական ղեկավարի խոսքով՝ կամուրջներից մեկը պատրաստվում են հիմնովին վերակառուցել Շվեյցարական ծրագրերի համաֆինանսավորմամբ, և այն կլինի բոլոր ստանդարտներին համապատասխան, իսկ մյուս երկուսը մինչև տարեվերջ կվերականգնեն համայնքի ուժերով:
Ըստ վարչական ղեկավարի՝ գյուղի խնդիրները դուրս չեն մնում համայնքի օրակարգային հարցերից, պարզապես դրանց համար առաջին հերթին լուրջ ֆինանսական ռեսուրսներ են հարկավոր, իսկ հետո՝ ժամանակ: Ինչևէ, ֆինանսի հարցը թերևս արդեն լուծվել է, մնում է բնակիչները կարողանան սպասել:
Անկյուն+3