Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armine Afeyan
A A
Հասարակություն

Արմինե Աֆեյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար


2024 թ. նոյեմբերի 12,  Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը: Այս պաշտոնում Արմինե Աֆեյանը կփոխարինի Արման Ջիլավյանին, որը կազմակերպությունն առաջին տասնամյակում լավագույնս ղեկավարելուց հետո միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին՝ որպես փոխնախագահ:

«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արման Ջիլավյանին՝ իր առաջնորդության եւ «Ավրորայի» առաքելությանն անմնացորդ նվիրման համար»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։ «Արմանի հանձնառությունն օգնել է ընդլայնել «Ավրորայի» ազդեցությունն ամբողջ աշխարհում, եւ մենք վստահ ենք, որ նա կշարունակի ջանքեր ներդնել՝ արդեն որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի փոխնախագահ»:

Արմինե Աֆեյանն «Ավրորայի» թիմին էր կրկին միացել 2023 թ.. նախկինում՝ 2015-2016 թթ., նա եղել էր կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն: «Ավրորայից» բացի, տիկին Աֆեյանն աշխատել է սպառողական ուղղվածությամբ տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ որպես գլխավոր կառավարիչ Wayfair ընկերությունում:

«Արմինեի ղեկավարման փորձը թե՛ հանրային, թե՛ մասնավոր ոլորտում եւ նրա մեծ խանդավառությունը մարդասիրական աշխատանքի հանդեպ թույլ կտան նրան կազմակերպությունն առաջնորդել դեպի ազդեցություն գործելու մի նոր փուլ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը: «Վստահ եմ, որ Արմինեի ղեկավարությամբ «Ավրորան» կշարունակի հույս ներշնչել մարդկանց եւ մղել գործողության դժվարին պայմաններում՝ ընդլայնելով շարժումն աշխարհի բոլոր անկյուններում»:

«Մեծ պատվով եմ հետեւելու Արմանի օրինակին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, եւ շարունակելու գործել այն ամուր հիմքի վրա, որը դրվել է կազմակերպության գործունեության առաջին տասնամյակում: Քանի որ մենք պատրաստվում ենք նշել «Ավրորայի» 10-ամյակը 2025 թվականին, մեծ է իմ ոգեւորությունն աշխատելու մեր համաշխարհային գործընկերների եւ աջակիցների հետ, որպեսզի ընդլայնենք մեր ազդեցությունն ու ծրագրերը, աջակցենք մարդասերների հաջորդ սերնդին»,- ասաց Արմինե Աֆեյանը։ «Ես անչափ հպարտ եմ գործով արտահայտելու իմ երախտագիտությունը՝ լինելով «Ավրորայի» մի մասնիկն այս կարեւոր ժամանակահատվածում»:

Ավելի վաղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել էր, որ  նախաձեռնության երեք համահիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին եւ Ռուբեն Վարդանյանին է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ օգնելու նախաձեռնությանը շարունակել իր առաքելությունը գործունեության հաջորդ փուլում: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Բացահայտելով եւ աջակցելով մերօրյա հերոսներին, պատմելով նրանց խիզախ աշխատանքի մասին եւ օգնելով շարունակել այն՝ «Ավրորան» զգալի ազդեցություն է գործել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա: Ավելին՝ www.auroraprize.com