Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունն ընդգրկում է առեւտրատնտեսական փոխգործակցության լայն շրջանակ. Արշակյան (տեսանյութ)

Նոյեմբերի 18-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 38-րդ նիստը:

Բացման խոսքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը միջխորհրդարանական երկխոսության ամրապնդման հարցում: ԱԺ փոխնախագահը փաստել է, որ հայ-ռուսական միջպետական հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն, եւ հայկական կողմը պատրաստ է ջանքեր գործադրել երկու երկրների հետաքրքրություններին համահունչ կապերի զարգացման ուղղությամբ: Հակոբ Արշակյանը երկկողմ հարաբերությունների խթանմանն ուղղված մի շարք աշխատանքային հանդիպումների ու միջոցառումների կարեւորության մասին է խոսել:

Անդրադառնալով նիստի օրակարգային հարցերին՝ ԱԺ փոխխոսնակը կարեւորել է ապակենտրոնացված համագործակցությունը եւ կարծիք հայտնել, որ տարածաշրջանների անմիջական կապերը թույլ կտան առավել ընդլայնելու երկխոսության շրջանակը: «Մենք ակնկալում ենք, որ միջտարածաշրջանային համագործակցությունը, առեւտրատնտեսական ոլորտում տարածաշրջանների միջեւ ավանդական փոխգործակցության ամրապնդմանը զուգահեռ, կարող է նոր խթան հաղորդել գիտության, կրթության բնագավառներում երկկողմ համագործակցության զարգացմանը: Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունն ընդգրկում է առեւտրատնտեսական փոխգործակցության լայն շրջանակ: Մենք պետք է ավելի արդյունավետ օգտագործենք այն տնտեսական եւ մտավոր ներուժը, որն ունենք մարզերում»,- կարծիք է հայտնել Արշակյանը:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական հարաբերություններին՝ նշվել է, որ չնայած աշխարհում տեղի ունեցող բարդ տնտեսական գործընթացներին՝ դրական դինամիկա է արձանագրվում փոխշահավետ

առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում: Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին ապրանքաշրջանառության տպավորիչ աճ է գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը մանրամասն անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրադրությանը: «Չնայած հարավկովկասյան տարածաշրջանում տիրող դժվար իրավիճակին՝ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին եւ բաց է համագործակցության բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծորեն շահագրգռված են մեր տարածաշրջանում կայուն եւ արդար խաղաղության հաստատմամբ»,- փաստել է ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ներկայացրել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը եւս միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Ելույթի ավարտին Հակոբ Արշակյանը եւս մեկ անգամ ընդգծել է Միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակալի ներդրումն ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը փաստել է, որ տնտեսական եւ միջտարածաշրջանային հարաբերություններն ակտիվ զարգանում են ու խոսել առեւտրաշրջանառության տպավորիչ արդյունքներից: Գոհունակությամբ է ընդգծվել Հայաստանի եւ Ռուսաստանի մի շարք քաղաքների ու տարածաշրջանների համագործակցության փաստը: Դաշնության խորհրդի նախագահի տեղակալը մանրամասն խոսել է մի շարք ոլորտներում հաջող փոխգործակցության եւ գրանցված արդյունքների մասին:

Երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու խնդիրների լուծման առաջնահերթություններին են անդրադարձել նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը եւ Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Անցնելով օրակարգային հարցերի քննարկմանը՝ խորհրդարանականներն անդրադարձել են առկա փորձի հիման վրա հայ-ռուսական միջտարածաշրջանային հարաբերությունների զարգացման հեռանկարներին ու առեւտրատնտեսական ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են երկու պետությունների քաղաքների, մարզերի եւ ռեգիոնների միջեւ համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, երկու ժողովուրդների բարեկամության խթանմանը նպաստող մշակութային, կրթական, հումանիտար եւ հասարակական հնչեղության այլ միջոցառումների կարեւորությանը: Ընդգծվել են տնտեսության մի շարք ճյուղերում ապրանքաշրջանառության աճի տեմպերը: Զեկուցողներն անդրադարձել են երիտասարդական նախաձեռնությունների արդյունավետ իրականացմանը, միջբուհական համագործակցությանը, սեմինարների ու

կոնֆերանսների կազմակերպմանը, միջտարածաշրջանային համագործակցության համատեքստում նաեւ հումանիտար ոլորտին, մշակութային ու զբոսաշրջային կապերի խթանմանը: Կարեւորվել են ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, գործարար ոլորտում ակտիվ կապերը: Կողմերը բարձրաձայնել են նաեւ երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներն եւ դրանց լուծմանն ուղղված քայլերը:

Նիստի ավարտին որոշվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստն անցկացնել հաջորդ տարի՝ Սոչիում: