Հայաստանում վատագո՞ւյնն է, թե՞ պարզապես վատ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համամիտ չէ «Forbes» պարբերականի փորձագետների այն եզրահանգման հետ, որ Հայաստանը աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում որպես 2011թ. աշխարհի վատագույն տնտեսություն ունեցող:
Առաջին տեղում Մադագասկարն է, իսկ երրորդ տեղում` Գվինեան:
«Մեղմ ասած, դա չի կարող համապատասխանել իրականությանը: Որոշակի մակրոցուցանիշների կտրվածքով կարող է պատահի այդպես լավ տեղեր չգրավենք, բայց բոլոր պարագաներում ամբողջ մեր տնտեսական մակարդակը այդքան մղված չէ հետին պլան»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Վարդան Բոստանջյանը:
Նա կարծում է, որ Հայաստանը պետք է գրավի 70-րդ տեղը կամ դրան մոտ տեղեր:
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել երկրների երեք տարիների ՀՆԱ-ի եւ գնաճի վիճակագրությունը, բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն եւ այդ երկրների առեւտրային հաշվեկշիռը:
Իսկ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը թեեւ ծանոթ չէ պարբերականի ցուցանիշներին, սակայն համոզված է,որ մեր երկրի տնտեսությունը չի վերականգնվել եւ հավասար չէ անգամ 90ական թթ. կեսերի մակարդակին:
«Չնայած այն բանին, որ մենք ունեցել ենք երկնիշ տնտեսական աճ, սակայն դա նկարված թվեր են եղել եւ ժողովրդի կենսամակարդակը բոլորովին չի փոխվել:Եթե երկնիշ աճ է եղել, ուրեմն ժողովրդի մակարդակը պետք է բարձրանար»,- ասաց Մովսես Արիստակեսյանը:
Նրա խոսքերով` նույնիսկ իշխանավորների աշխատավարձն է ցածր` սկսած նախագահի աշխատավարձից:
«Հենց այդ է, որ բոլորին մղում է դեպի կաշառակերություն»,- եզրափակեց Մովսես Արիստակեսյանը:
Ըստ «Forbes» պարբերականի` Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում վերականգնվել ճգնաժամի հետո: