Շուրջ 1 մլրդ 964 մլն դրամ՝ մի շարք կրթական օբյեկտների շինարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամ գումարի չափով:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որոշումը հիմնականում անդրադառնում է Կառավարության խոշորագույն՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրին, ինչպես նաև որոշ մարզադահլիճների ու մարզական ենթակառուցվածքների ձևավորմանը: Ըստ նախարարի՝ գումարը կուղղվի Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող շինարարությունն ավարտված և ավարտական փուլում գտնվող մի շարք կրթական օբյեկտների, որոնցից 4-ը մանկապարտեզներ են, 6-ը՝ մոդուլային դպրոցներ, 1 դպրոցի մարզադահլիճի կառուցում, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցում, ինչպես նաև շինարարության ընթացքում գտնվող օբյեկտների, որոնք ներառում են 1 մանկապարտեզի և 1 դպրոցի կառուցման շինարարական աշխատանքներ և հարակից ծառայություններ: Գումար է հատկացվում նաև 1 օբյեկտի և 1 կրթահամալիրի նախագծման և Տավուշի մարզի Աճարկուտ բնակավայրում բասկետբոլի դաշտի կառուցման համար:
«Այս աշխատանքների համար, ըստ էության, հատկացվում է 1 մլրդ 440 մլն դրամ. ևս լրացուցիչ 832 հազար դրամ կուղղվի մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք արդեն իսկ նշված դպրոցների և մանկապարտեզների թվում են: Որոշմամբ նաև որոշ փոփոխություններ են արվում հատկացումների տողերի միջև, մասնավորապես՝ Մարալիկի թիվ 1 հիմնական և Գորիսի թիվ 1 ավագ դպրոցների մարզադահլիճների մասնաշենքերի նախագծման մասով. մասնագիտական աշխատանքի արդյունքում նախատեսվել է դրանք վերակառուցել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ որոշակի կարգավորումներ են տրվում նաև անհրաժեշտ համադրումների իրականացման և ըստ այդմ՝ ծավալների փոփոխության հետ կապված:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է վերոնշյալ օբյեկտների շինարարության ժամկետների պահպանման հարցը, որի համատեքստում համապատասխան պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ մարզպետները և Քաղաքաշինության կոմիտեի նախագահը:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշմամբ՝ 2024թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակում կատարվել է վերաբաշխում ՝ 293 մլն դրամի չափով, որը կուղղվի 14 դպրոցների շինարարական աշխատանքներին:
Անդրադառնալով ծրագրի ընթացքին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ՝ այս պահին աշխատանքներն ավարտվել են 38 դպրոցում, ընթացիկ շինարարություն է ընթանում 35 դպրոցում, և առկա են 100-ից ավելի կնքված պայմանագրեր:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ