«Տիգրան Սարգսյանը եզակի ազնիվ է»
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ «Forbes» պարբերականի հրապարակած այն տեղեկատվությունը թե Հայաստանը, որպես վատագույն տնտեսություն ունեցող երկիր աշխարհում, երկրորդ տեղն է գրավել՝ միանգամայն համապատասխանում է իրականությանը:
«Forbes»-ի հրապարակման համար հիմք է հանդիսացել երկրների համախառն ներքին արդյունքը, ինֆլյացիան եւ արտաքին առեւտուրը. «Կարծում եմ, որ Հայաստանում չկա որեւէ քաղաքացի կամ տնտեսագետ, որ ասի, թե վերջին երեք տարիներին մեր երկրի տեսության վիճակը լավացել է: Կարծում եմ, որ իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց հեռանալու ժամանակն է: Երեք տարի իշխանությունները «Առաջ Հայաստան» են ասում, սակայն երեք տարիների ընթացքում մենք հետ ենք ընկել նույնիսկ այնպիսի մի երկրից, ինչպիսին Զիմբաբվեն է»:
Փոխարենը Վահագն Խաչատրյանը համաձայն է գործարար Միքայել Բաղդասարովի այսօրվա այն հայտարարության հետ, թե տնտեսական ճգնաժամը Հայաստանում դեռ չի հասել իր գագաթնակետին. «Զարմանալի է, որ Բաղդասարովն է այդպիսի տեսակետ հայտնում: Հավանաբար, իրեն օբյեկտիվ իրավիճակ են ներկայացրել կամ նա տիրապետում է այն փաստերին, որոնք չեն տիրապետում շարքային քաղաքացիները: Իսկապես 2012-13թթ. Հայաստանի համար ծանրագույն տարիներ են լինելու, որովհետեւ մենք պետք է սկսենք վճարել կուտակված պարտքերը, մասնավորապես վերջին 5 տարիներին կուտակվածը: Չմոռանանք, որ Հայաստանի արտաքին պարտքն արդեն հասնում է 4 միլիարդ դոլարի»:
Իսկ ինչո՞ւ է Միքայել Բաղդասարովն այդ մասին խոսում այսօր` «Ա1+»-ի հարցին՝ Վահագն Խաչատրյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, նա որոշակի խնդիրներ առաջ է կանգնել եւ պահանջում է խաղի հստակ կանոններ, որի բացակայության շնորհիվ էլ նա իր այդ կարգավիճակին է հասել: Հիմա նա նորմալ կանոների պահանջ ունի, քանի որ իշխանության վերեւներում կանգնած մարդկանց մոտ այլ հովանավորներ են հայտնվել, եւ նա դուրս է եկել այդ կարգավիճակից: Եթե նա դժգոհում է այսօրվա վիճակից, ապա 10 տարի առաջ պետք է մտածեր, թե ինչպես դարձավ Ցեմենտի գործարանի կամ «Արմավիայի» սեփականատերը, ինչ պայմաններ ստեղծեցին իր համար, որպեսզի վառելիքի բիզնեսով զբաղվի: Այդ մարդուն պետք է հասկանալ այնքանով, որ նա այսօր ծանր վիճակում է, սակայն ես չեմ հասկանում այդ վիճակը, քանի որ այդ մարդիկ ստանում են այն, ինչին արժանի են»;
Անդրադառնալով կառավարության եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի այն խոստումներին, թե գնաճը կանգնեցնելու են՝ պարոն Խաչատրյանը ասաց. «Եթե իրենք այնպիսի ծրագիր ունենային, որ ՀՀ քաղաքացու կյանքը պետք լավանա, բարեկեցությունը բարձրանա, իրենք դա կարող են անել»:
Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանի խոսքն իր համար կարեւոր չէ՞, նա խոստացել էր, որ գներն իջնելու են. «Ա1+»-ի հարցին տնտեսագետը պատասխանեց. «Ոչ կարեւոր չէ: Նրանց համար ավելի կարեւոր է իրենց գրպանի պարունակությունը: Եթե մեր կյանքի որակը լավանա, դրանից իրենց գրպանի պարունակությունը կպակասի, այս առումով իրենք չեն կարող լուծել այդ հարցը»:
Վահագն Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանում գնաճը կկանգնի, «ընդհանրապես երկրի վիճակը կփոխվի միայն այն դեպքում, երբ մենք դադարենք ապրել Սերժ Սարգսյանի եւ Տիգրան Սարգսյանի կամքով»:
Մեզ հետ զրույցում Վահագն Խաչատրյանն այսօր անդրադարձավ նաեւ արտագաղթի վերաբերյալ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն խոսքերին, որ նա դեմ չէ, որ Հայաստանից արտագաղթում է կրիտիկական զանգվածը, որը մնալու դեպքում, ըստ վարչապետի, կարող է հեղափոխություն կատարել. «Տիգրան Սարգսյանն այս իշխանության եզակի ազնիվ մարդկանցից է, ով ազնվորեն ասաց այն, ինչ անում են իշխանությունները: Այս հայտարարությունից հետո Տիգրան Սարգսյանն ու իր կառավարությունը պետք է հեռանան: Իմ խորհուրդն ու խնդրանքը բոլոր նրանց, ովքեր ուզում են գնալ. գնալու փոխարեն, միացեք մեզ` ընդդիմադիրներիս, հավաքվեք Ազատության հրապարակում եւ պահանջեք իշխանության հեռացում եւ ոչ թե դուք հեռացեք»: