Հերթական վարկը` Հայաստանին (տեսանյութ)
Հաջորդ երկու տարիներին Համաշխարհային բանկը Հայաստանին լրացուցիչ կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին այսօր հայտարարեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին` Ֆինանսների նախարարի հետ համատեղ ասուլիսում: Այդ գումարի կեսը կտրամադրվի Միջազգային զարգացման ընկերակցության (IDA), մյուս կեսը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) միջոցով:
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ Գործընկերության ռազմավարությունը մշակելիս հաշվի է առնվել գլոբալ տնտեսական ճգնաժամը, և այն ունի հիմնական երկու նպատակ` խոցելի խավի օժանդակում, տնտեսական աճի խթանում:
Անդրադառնալով Forbes հեղինակավոր ամսագրի հրապարակած ցուցանիշներին, ըստ որի` 2011-ի աշխարհի վատագույն տնտեսությունը Մադագասկարից հետո Հայաստանինն է, ՀՀ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշեց, որ այն լավագույնս չի գնահատում մեր տնտեսական զարգացման ընթացքը, իսկ այդ գնահատականը պայմանավորված է 2009 թ տնտեսական ճգնաժամով::
«Ես կասեի, որ երկրորդը կամ երրորդը լինելը արտացոլում է այն մարտահրավերները, որ մենք ունենք, ոչ թե այն տեղը կամ վիճակը, որը բնորոշ է Հայաստանին: Այս ցուցանիշը չի կարելի կայուն համարել, սա ընդամենը ակնթարթային գնահատական է»,-նշեց Վաչե Գաբրիելյանը:
Նախարարի այս կարծիքին համաձայնեց Համաշխարհային բանկի ներկայացուցիչը` չհերքելով Հայաստանում գրանցված սղաճն ու ճգնաժամը:
«Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այս տարի հնարավոր կլինի իջեցնել սղաճը: Այս տարվա 6.5 տոկոսանոց սղաճը Համաշխարհային բանկը համարում է իրատեսական»,-նշեց Ժան Միշել Հապին: