Բացել լրահոսը Փակել լրահոսը
468819479_900396938948343_5598924037611001727_n
A A
Պաշտոնական

Հայաստանն ուրվագծում է իր տեսլականը ջրային ռեսուրսների համապարփակ ռազմավարության մշակման համար

 
Տեղի է ունեցել Հայաստանի ջրային ոլորտի ազգային քաղաքականության 22-րդ երկխոսությունը, ինչը կարևոր քայլ է ջրային քաղաքականության բարեփոխման ու Հայաստանի ջրային ռազմավարության մշակման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության դիմակայունության հարցերը, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի միջև համատեղ ջրային ռեսուրսների մոնիտորինգի փորձը։
 
Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ջրային ոլորտի ազգային քաղաքականության երկխոսության միջգերատեսչական հանձնախմբի անդամները՝ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ֆինանսների, առողջապահության, էկոնոմիկայի նախարարություններից, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, մարզպետարաններից, համալսարաններից, և ՀԿ-ներից, ինչպես նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության և միջազգային ջրային ծրագրերի ներկայացուցիչներ։
 
✅ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը ողջունել է ջրային ոլորտի ազգային քաղաքականության երկխոսության 22-րդ հանդիպման մասնակիցներին, նշելով, որ երկխոսությունը սկսվել է դեռևս 2006 թ-ից, և վերջին տարիներին մեծ առաջընթաց է արձանագրել՝ ընդունվել է Ջրային օրենսգրքի փոփոխությունները, տեղադրվել են առցանց հոսքաչափեր և թվայնացվել ջրօգտագործման թույլտվությունները: Նաև կարևորել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի ISO 17025 ստանդարտով հավատարմագրումը:
 
«Չնայած ձեռք բերված հաջողություններին, առկա են բազմաթիվ մարտահրավերներ, որոնց հնարավոր է դիմակայել ջրային ռեսուրսների կայուն կառավարմանն ուղղված համատեղ ջանքերով։ Այսօրվա հանդիպումը կարևոր է Հայաստանի ջրային ռազմավարության վերաբերյալ քննարկումների համար: Ակնկալվում է արդյունավետ և նպատակաուղղված համագործակցություն բոլոր մասնակիցների հետ»,-հավելել է նախարարի տեղակալը։
 
✅ Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Նա նշել է, որ ԵՄ աջակցությամբ ջրային ոլորտում արձանագրված առաջընթացը, այդ թվում՝ գետավազանային կառավարման, ջրի մշտադիտարկման և անդրսահմանային համագործակցության ոլորտներում, կարևոր է նոր ռազմավարության իրականացման համար։ Հեսը հավելել է, որ ջրային ռազմավարության արդյունավետ իրականացումը կենսական նշանակություն կունենա ջրի դիմակայության ամրապնդման գործում։
 
✅ Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանն ընդգծել է, որ․ «Ջրային քաղաքականության ազգային երկխոսությունը կարևոր հարթակ է՝ քննարկելու ջրային ոլորտի խնդիրները, ստեղծելու սիներգիա և համակարգելու միջոլորտային քաղաքականությունը։ Երկխոսությունը վճռորոշ դեր կխաղա ջրային ռազմավարության մշակման գործում։ Լիահույս ենք, որ մինչև 2026թ-ը Հայաստանը կկատարի Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները»։
 
✅ Ելույթ ունենալով «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրն իրականացնող գործընկերների անունից` Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալությյան ներկայացուցիչ Ալեքսանդր Զինկեն ներկայացրել է Հայաստանի կառավարության հանձնառությունը և գործողությունները ջրային ոլորտում։ Նա նշել է, որ Եվրամիության և միջազգային գործընկերների աջակցությամբ Հայաստանն արդեն իսկ զգալի բարեփոխումներ է կատարել ջրի կառավարման ոլորտում և ամրապնդել անդրսահմանային համագործակցությունը, հատկապես Վրաստանի հետ։
ℹ «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի․ Ջրային ռեսուրսներ և տվյալներ» ծրագիրն ունի երկու հիմնական նպատակ՝
1) աջակցել ջրային ռեսուրսների առավել կայուն օգտագործմանը,
2) բարելավել բնապահպանական հիմնավոր տվյալների օգտագործումը և դրանց հասանելիությունը քաղաքականություն մշակողների և քաղաքացիների համար։
 
Ծրագիրն իրականացվում է 5 գործընկեր կազմակերպությունների կողմից՝ Ավստրիայի շրջակա միջավայրի գործակալություն (UBA), Ավստրիական զարգացման գործակալություն (ԱԶԳ), Ջրային ռեսուրսների միջազգային բյուրո (OIEau) (Ֆրանսիա), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ), ՄԱԿ-Ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով (ՄԱԿ ԵՏՀ)։