Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԲ նախկին նախագահ. «Գնաճը կհասնի մինչեւ 9 տոկոսի»

Տնտեսություն
9b5184aac905e443ca8ee02c2d6d561c

ՀՀ Կենտրոնական Բանկն այս տարվա համար նախատեսել էր 4,5 տոկոս գնաճ, սակայն գնաճն արդեն երրորդ տարին է փաստացի գերազանցում է ծրագրված մակարդակը։

Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ` գնաճի ծրագրված մակարդակին ընթացիկ տարվա արդյունքներով հասնել հնարավոր չի լինի:
Վերջին վեց ամիսների վիճակագրության համաձայն` արդեն նկատվում է 3,5 տոկոս կուտակային գնաճ։

Ըստ նրա` մինչև տարեվերջ գնաճը կհասնի 7-9 տոկոսանոց մակարդակի` պայմանավորված նաեւ համաշխարհային շուկայի զարգացման միտումներով:

Բագրատ Ասատրյանի գնահատմամբ` Հայաստանը դեռ գտնվում է ճգնաժամային վիճակում, և «թվաբանական իմաստով դեռ նախաճգնաժամային մակարդակին չի հասել»։

«Այս տարվա վերջին կնկատվի մոտ 4 - 5 տոկոս տնտեսական աճ։ Այս ցուցանիշների դեպքում Հայաստանը նախաճգնաժամային վիճակին կհասնի միայն 2013 թվականին։ Ի վերջո, ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի ծավալների աճին»,-ասաց նա։

Եթե կառավարության ծրագրերում եւ գործելաոճում էական փոփոխություններ չլինեն, եւ չնվազի գնաճի մակարդակը, ապա ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը:

«Նման խղճուկ զարգացման ցուցանիշների դեպքում Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ, որակական փոփոխություններ չեն գրանցվի։ Տնտեսական զարգացումը ինքնանպատակ չի, բացի սոցիալականից կա ավելի գլոբալ խնդիր` մրցակցությունը հարեւան երկրների հետ, որտեղ մենք վերջին տասը տարվա ընթացքում խայտառակ պարտություն ենք կրել։ Ամպագորգոռ և դատարկ ելույթների ներքո, որոնք անում էր թե' նախկին նախագահը, և թե ներկայիս նախագահը՝ Հայաստանը տարածաշրջանում զիջում է իր մրցակիցներին»,-ասաց Բագրատ Ասատրյանը։

Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ՀՀ ԿԲ նախկին նախագահի դեղատոմսն այսպիսին է.
« Նախ պետք է լինել ազնիվ, ապա ստեղծել և կիրառել ռեալ ծրագրեր: Դատարկախոսությամբ և մի քանի օլիգարխների թելադրանքով տնտեսություն չի զարգանա։ Անհրաժեշտ է ստեղծել բաց ու մրցունակ շուկա։ Հայաստանը պետք է և կարող է ունենալ բաց ու մրցունակ շուկա»: