Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է. Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանի ելույթը ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի բացման արարողությանը
 

Ուրախ եմ ողջունել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մասնակիցներին Երեւանում:

Այս տարի մենք նշում ենք Եվրոպայի խորհրդի 75-ամյակը եւ, մինչ օրս, կազմակերպությունը շարունակում է հանդես գալ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության առաջմղման բացառիկ կառույց՝ իր  ազդեցությունն ունենալով 700 միլիոն մարդկանց կյանքերի վրա:

Հայաստանի եվրոպական ուղղվածությունը բնական ընտրության արդյունք է. այն բխում է մեր պետության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգից, քանզի իր անցյալով եւ ներկայով Հայաստանը եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մաս է կազմում՝ հիմնված ընդհանուր արժեհամակարգի եւ ուրույն պատմամշակութային ժառանգության վրա:

Եվրոպայի խորհուրդը Հայաստանի համար կարեւոր գործընկեր է հանդիսանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման նպատակով՝ մեր երկրում ընթացող բարեփոխումների իրականացման  գործում: Մեր համատեղ ջանքերի արդյունքները տեսանելի են  եւ անշրջելի:

Երկրում ընթացող բարեփոխումները նաեւ անվտանգության հենարան են մեզ համար եւ ուղիղ փոխկապակցված են տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված մեր քայլերին: Ինքնիշխան, կայուն եւ ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ հարգանքի միջոցով է հնարավոր հասնել հարատեւ խաղաղության:

Այսօր մենք բոլորս լուրջ մարտահրավերների ենք առերեսվում աշխարհի ամենատարբեր անկյուններում: Խոսելով մեր տարածաշրջանի մասին՝ պետք է ասեմ, որ Հայաստանի առջեւ ծառացած են թե՛ անվտանգային, թե՛ հումանիտար ծանր խնդիրներ: Ցավոք, Ռեյկյավիկի գագաթնաժողովից հետո մենք եւս մեկ անգամ ականատես եղանք ուժի չկիրառման սկզբունքի, մարդու իրավունքների կոպիտ խախտումների:

Բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի մարմինների հասցեական արձագանքներն ու գործողությունները՝ ուղղված Հայաստանում հաստատված Լեռնային Ղարաբաղից փախստականների կարիքներին: Կարեւոր է Լեռնային Ղարաբաղի՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների միջազգային պաշտպանությունը, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի ներքո: Օգտվելով առիթից՝ նաեւ մեր շնորհակալությունն եմ հայտնում ԵԽԽՎ-ին՝ Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների հայրենադարձման հրամայականի հարցը եւս ուշադրության կենտրոնում պահելու համար:

Ի հեճուկս առկա մարտահրավերներին՝ Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայուն եւ տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ: Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում, մենք վավերացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երբեւէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական փաստաթուղթը` դա սահմանազատմամբ զբաղվող երկու հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է: Սահմանազատման գործընթացի հիմքում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է, ինչը նշանակում է, որ մեր սահմաններն այդ փաստաթղթով սահմանված, Խորհրդային Միության ժամանակ հաստատված սահմաններն են, որոնցով էլ երկու երկրներն անկախացել են:

Որպես խաղաղության օրակարգի կարեւոր բաղադրիչ՝ Հայաստանը նախաձեռնել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը խաղաղության հարատեւման մեր ճանապարհային քարտեզն է՝ միտված տարածաշրջանային հաղորդակցությունների արդյունավետ ապաշրջափակմանը եւ կայուն տնտեսական զարգացման ապահովմանը՝ հիմնվելով երկրների իրավասության, ինքնիշխանության եւ օրենսդրության, փոխադարձության ու հավասարության սկզբունքների վրա:

Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մեր բոլոր գործընկերներին, որոնք հետեւողականորեն օժանդակում են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հանուն մարդու իրավունքների պաշտպանության:

Մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք եւ հաճելի օրեր հյուրընկալ Հայաստանում