Բացել լրահոսը Փակել լրահոսը
AGN
A A
Քաղաքականություն

Հյուպատոսական ծառայությունը տեսակապով հեշտացնում է արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների կյանքը. մանրամասնում է ՀՀ ԱԳՆ-ն

Հյուպատոսական որոշ ծառայություններ օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիների համար առավել դյուրին ու հասանելի են դարձել տեսակապի միջոցով։  Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեսակապով հյուպատոսական ծառայությունների հնարավորություն է ընձեռում, որը կապված է ինչպես ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ փոխանակելու, այնպես էլ Հայաստան վերադարձի վկայական ստանալու հետ։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը՝ մանրամասնելով, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանն ունի 55 հյուպատոսական կետեր աշխարհի 43 երկրում, սակայն այդ հյուպատոսական ծածկույթը բավարար չէ, և մի շարք պետություններում քաղաքացիների համար դեսպանությունները հասանելի չեն, ինչից ելնելով էլ՝ տեսակապով հյուպատոսական ծառայությունների հնարավորությունը բավականին կարևորվում է՝ խնայելով ժամանակ և ֆինանսական միջոցներ։

‹‹Ներկայում տեսակապի միջոցով հնարավոր է ստանալ (փոխանակել) ՀՀ քաղաքացու անձնագիրը, իսկ հրատապ Հայաստան վերադառնալու անհրաժեշտության դեպքում՝ նաև ստանալ ՀՀ վերադարձի վկայական››,-նշեց Պետրոսյանը՝ հստակեցնելով, թե տեսակապի միջոցով ի՞նչ հյուպատոսական ծառայություններից կարող են օգտվել օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները:

Անդրադառնալով հարցին, թե որ դեպքերում է, որ քաղաքացիները կարող են անձնագիր ստանալու համար դիմել տեսակապի միջոցով՝ Արթուր Պետրոսյանը տեղեկացրեց, որ տեսակապով դիմելու անհրաժեշտություն հիմնականում առաջանում է այն դեպքերում, երբ քաղաքացին գտնվում է այնպիսի օտարերկրյա պետությունում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հյուպատոսական հիմնարկ չունի, ինչպես նաև այնպիսի բնակավայրում, որտեղից մոտակա հյուպատոսական հիմնարկը գտնվում է հարյուրավոր, իսկ երբեմն նաև հազարավոր կիլոմետր հեռավորության վրա։

‹‹Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ քաղաքացին որևէ այլ պատճառով ֆիզիկապես հնարավորություն չունի անձամբ ներկայանալու մոտակա դեսպանություն››,-ասաց ՀՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության պետի պաշտոնակատար Արթուր Պետրոսյանը։

Վերջինս, խոսելով նաև տեսակապով ծառայությունների համար սահմանված վճարումների մասին, մասնավորապես, նշեց, որ այդ դեպքում սահմանված է լրացուցիչ 25,000 ՀՀ դրամ պետական տուրք։ 

‹‹Օրինակ, եթե դեսպանություն դիմելու դեպքում անձնագիր ստանալու համար սահմանված պետական տուրքը 65,000 ՀՀ դրամ է, ապա տեսակապով դիմելու դեպքում պետական տուրքը կազմում է 90,000 ՀՀ դրամ։ Համապատասխանաբար, եթե ՀՀ վերադարձի վկայականը դեսպանությունից ստանալու պետական տուրքը 20,000 ՀՀ դրամ է, ապա տեսակապով դիմելու պարագայում 45,000 ՀՀ դրամ է››,-ասաց Արթուր Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ դիմումների աշխարհագրությունը բավական լայն է, քանի որ հարցումներ են ստացվել Ռուսաստանի Դաշնության հեռավոր վայրերից, Եվրոպայից, Ասիայից, Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ավստրալիայից, դիմումներ են եղել նույնիսկ Նոր Զելանդիայից և Գվինեայից: