Բացել լրահոսը Փակել լրահոսը
s1
A A
Հասարակություն

Ինչպես համայնքը զարգացնել կառավարման նոր մոտեցումներով. Արենին, Գյումրին ու Կապանը՝ առաջամարտիկներ

«Աշխարհի ամենահին կոշիկը, Նորավանքը, Արենիի մեծ սարը...»

17-ամյա Նարեն hպարտությամբ թվարկում է իր ծննդավայր Արենի համայնքի տեսարժան վայրերը։ Վայոց ձորի մշակութային արժեքները Նարեին հիմա օգնում են գումար աշխատել։ Սա նրա և ընկերների ձեռներեցության առաջին փորձն է, որի հնարավորությունը պատանիներին տվել է Արենիի համայնքապետարանը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ)  և Եվրոպական միության (ԵՄ) «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» համատեղ ծրագրի (ՀՀՏԶ) դրամաշնորհի միջոցներով։ 

Նարեի թիմը հաղթել է համայնքապետարանի հայտարարած մրցույթում, ստացած դրամաշնորհով տեսարժան վայրերի պատկերների դիզայն են արել, տպագրել էկոպայուսակների և շապիկների, փակցրել գինու շշերի վրա։ Իրացման շուկան նույնպես համայնքապետարանն է ապահովել՝ կրկին ՀՀՏԶ ծրագրի շրջանակում համայնքում կազմակերպված մի քանի փառատոներում։

Սրանք միայն մի քանիսն են համայնքի զարգացմանն ուղղված այն համալիր ու բազմաշերտ ծրագրի, որն արդեն երկու տարի Արենիի համայնքապետարանը, որպես պորտֆելային համայնք, իրականացնում է ՄԱԶԾ ՀՀՏԶ ծրագրի հետ համատեղ։

Ի՞նչ է նշանակում պորտֆելային համայնք. համայնքապետարանին տրամադրվում է համայնքի կայուն զարգացումն ապահովելու հնարավորությունների և գործիքների լայն փաթեթ՝ արդյունավետ կառավարման նոր հմտությունների ձևավորումից մինչև որոշակի գումար՝ կառավարման պորտֆելային մոտեցումով մի շարք նախաձեռնություններ իրականացնելու համար։

Արենին համայնքային զարգացման ծրագրերի մրցույթին մասնակցած և հաղթած երեք համայնքներից առաջինն է։ Ընդ որում, համայնքի կառավարման ներառական, նորարարական մոտեցումը կիրառվել է ամենաառաջին՝ ծրագրի մշակման փուլից սկսած։

«Մեր առջև խնդիր էր դրված ոչ թե պարզապես դրամաշնորհային ծրագիր ներկայացնել, այլ համայնքի զարգացման հայեցակարգ։ Սա նշանակում է փոխկապակցված ենթածրագրերի մի ամբողջ համալիր, որը երկարաժամկետ հեռանկարում պետք է բերի համայնքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը», - ասում է Արենի համայնքում պորտֆելային ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանը։

Ծրագրի պարտադիր պայման է նաև այն, որ նախատեսվող միջոցառումները պետք է որոշվեն շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ Արենիի բոլոր ինը բնակավայրերում անցկացվել են քննարկումներ՝ բնակիչների, գործարարների, խաղողագործների, գինեգործների հետ։ Յուրաքանչյուր հանդիպման արդյունքներով համայնքապետարանի աշխատակիցները քննարկում են անցկացրել ՄԱԶԾ և ԵՄ փորձագետների հետ և արդյունքում, որպես համայնքի զարգացման առաջնահերթություն, ընտրվել է զբոսաշրջությունը, և ծնվել են ծրագրի 11 բաղադրիչները։ 

«Սա համալիր, բարդ ծրագիր է, բայց նորարարական, Հայաստանում առաջին անգամ է նման ծրագիր իրականացվում։ Բոլոր ծրագրերը փոխկապակցված են, բխում են մեկը մյուսից»,- ասում է Սյուզան Մարգարյանը։

Ի՞նչ է սա նշանակում։ Դիցուք՝ Նարեն ու իր ընկերները ստանում են դրամաշնորհ, պատրաստում արտադրանքը, որն այնուհետև վաճառում են նույն ծրագրի շրջանակում Ռինդ համայնքում կազմակերպված «Տադի շորվա» փառատոնում։ «Տադի շորվան» (Վայոց Ձորի բարբառով նշանակում է «Տատիկի պատրաստած ապուր») իր հերթին «Մշակութային գոհարներ» ենթածրագրի արդյունք է, և այս բոլոր գործողությունները բխում են համայնքի զարգացման հայեցակարգից։ Ազգագրագետներն ու բանահավաքները մի քանի ամիս շրջել են Վայոց Ձորի համայնքներում ու բնակիչներից հավաքել միայն տվյալ տարածաշրջանին բնորոշ մշակութային արժեքները՝ երգերը, պարերը, խաղերը, բաղադրատոմսերը, որոնք այնուհետև միավորել են մեկ շտեմարանում, որը շուտով հասանելի կլինի ե՛ւ տպագիր, ե՛ւ օնլայն տարբերակով։ Շտեմարանում տեղ գտած բաղադրատոմսերն այնուհետև ներկայացվել են փառատոնում։ Շտեմարանը սերտ կապված է նաև մյուս ենթածրագրի հետ, որով տեղի գաստրոբակերի, հյուրատների խոհարարների հետ դասընթացեր են անցկացվելու, որպեսզի վերջիններն իրենց ճաշացուցակներում ավելացնեն այդ բաղադրատոմսերը։ Իսկ համայնքապետարանը նրանց օգնելու է գովազդի հարցում. մեկ այլ ենթածրագրով նրանք Արենիի բրենդինգ են իրականացնում։ Գործընկերոջը, ի դեպ, գտել են Դիլիջանում, ուր պորտֆելային թիմը մեկնել էր ՄԱԶԾ ծրագրի շրջանակում փորձի փոխանակման նպատակով։ 

Արենիի բոլոր ինը համայնքներում տեղադրվել են նոր, գրավիչ տեղեկատվական ցուցանակներ՝ զբոսաշրջային գրավչություն ապահովող կարևոր կանգառների վերաբերյալ QR տեղեկատվական բազայով։ Դրանց թիվը նույնպես ավելացել է ծրագրի շրջանակում, օրինակ՝ Ռինդում կառուցված զբոսաշրջային արահետը՝ դեպի համայնքի ժայռափոր եկեղեցի։

Նման լայնածավալ, բազմաբաղադրիչ ծրագիր իրականացնելու համար հմտություններ են պահանջվում։ Համայնքապետարանի՝ ծրագրում ներգրավված աշխատակիցները հատուկ դասընթացներ են անցել, աշխատել միջազգային փորձագետների հետ, փորձի փոխանակման համար թիմը Մոլդովա է մեկնել՝ տեղի փորձն ուսումնասիրելու և հետո Արենիում կիրառելու նպատակով։ Արդյունքում՝ ծրագրի շրջանակում ձեռք բերած գիտելիքները, փորձն ու մոտեցումները զուգահեռաբար կիրառվում են նաև համայնքապետարանի առօրյա աշխատանքում։ Ավելին, Արենիի պորտֆելային թիմը ստեղծել է Արենիի զարգացման հիմնադրամ, որը նույն սկզբունքներով շարունակելու է իրականացնել համայնքի հետագա զարգացման ծրագրեր։

ԳՅՈՒՄՐԻ. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Գյումրիի փողոցներում զբոսնելիս կարող ես ուղղակի կանգնել առաջին պատահած շինության առջև ու հիանալ սև տուֆից կառուցված շենքերով, գյումրեցի հմուտ դարբինների պատրաստած եզակի երկաթանախշերով զարդարված դարպասներով։ Հայաստանի հյուսիսարևմտյան սահմանին մոտ գտնվող, հարուստ մշակութային ավանդույթներ ունեցող քաղաքի կենտրոնական հրապարակից բացվող փողոցներից մեկի հենց սկզբնամասում` ալեքսանդրապոլյան ճարտարապետությամբ կառուցված մեկուկեսդարյա մի այդպիսի շենքում է հանգրվանել Ասլամազյան քույրերի պատկերասրահը։ Հենց այստեղ են առաջին հերթին խորհուրդ տալիս այցելել Գյումրի մեկնող զբոսաշրջիկներին։ Այստեղ գրավիչը միայն տաղանդավոր քույրերի դեկորատիվ-կիրառական արվեստի հարուստ հավաքածուն չէ։ Կամարանցումով ներս մտնելով՝ հայտնվում ես պատկերասրահի՝ փայտյա շքեղ պատշգամբով ներքին բակում, որը քեզ միանգամից տեղափոխում է ստեղծագործական միջավայր ու տրամադրում արվեստի շուրջ զրույցների։

Պատահական չէ, որ Գյումրու պորտֆելային թիմը առաջին հերթին այս պատկերասրահի վերազինումն է ներառել համայնքում մշակութային տուրիզմի զարգացման հայեցակարգում։

«Այն միշտ եղել է երիտասարդների ստեղծագործական մտքերի հավաքատեղի։ Հաշվի առնելով դա՝ որոշեցինք ձեղնահարկում ունենալ ժամանակակից տեխնիկայով հագեցած արվեստի ստեղծարար լաբորատորիա, որը կսպասարկի ոչ միայն քաղաքի ստեղծագործ միտք ունեցող երիտասարդներին ու վարպետներին, այլև կդառնա հարթակ Գյումրի այցելած արվեստագետների համար, որոնք փնտրում են մտքեր գեներացնելու հարթակ։ Այստեղ նաև վարպետության դասեր կանցկացվեն»,– ասում է Գյումրու համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ, պորտֆելային թիմի համակարգող Լիլիթ Թովմասյանը։ 

Գյումրիում նույնպես ծրագիրը մշակված է այնպես, որ ապահովվի համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը համայնքի տնտեսական զարգացմանը։ Օրինակ՝ ստեղծարար լաբորատորիայում երիտասարդները կնախագծեն նստարաններ, աղբամաններ, լուսացույցներ, որոնք այնուհետև կտեղադրվեն համայնքում։ Այս կերպ կստեղծվի համայնքային իշխանություն–երիտասարդներ կապ, որից կշահի քաղաքային տնտեսությունը։ Սա նաև կփոխի երիտասարդների վերաբերմունքը իրենց համայնքի նկատմամբ։

Ծրագրի բոլոր բաղադրիչները փոխլրացնող են, մեկը մյուսին շարունակող ու մշակված այնպես, որ երկարաժամկետ արդյունք ապահովելով՝ զարգացած համայնքի տեսլականը դարձնեն իրողություն։ Գյումրիում տուրիստական հոսքերի թվային ու բովանդակային հետազոտություն են իրականացրել, որպեսզի համայնքն ունենալով լիարժեք տվյալներ՝ քանի տուրիստ է եկել, քանի օր է մնացել, ովքեր են Գյումրի այցելող զբոսաշրջիկները, ամբողջական տեղեկատվություն ունենա զբոսաշրջիկների, նրանց կարիքների վերաբերյալ և կարողանա ճիշտ կառուցել տուրիզմի զարգացման ռազմավարությունը։ Հենց այս հետազոտության տվյալներից էլ բխել են ծրագրի մյուս ենթաբաղադրիչները՝ Մհեր Մկրչտյանի թանգարանի վերազինումը թվային տեխնոլոգիաներով, բաց օնլայն ռեսուրսներում Գյումրիի մասին զբոսաշրջիկներին հետաքրքրող բովանդակության հասանելիությունը, քաղաքում ինֆոկետերի ստեղծումը, հանրային պուրակի բարեկարգումը և այլն։

Ի՞նչ են սովորել ծրագրի արդյունքում. լսել բոլորի կարծիքները, չվախենալ սխալվելուց, տեսակետը, անհրաժեշտության դեպքում՝ ծրագրերը փոխելուց, նորարարություններ կիրառելուց՝ ասում է Լիլիթ Թովմասյանը։ Նրա խոսքով՝ պորտֆելային թիմը բավական բարդ ճանապարհ է անցել իրենց համար բոլորովին նոր մոտեցումներով այս լայնածավալ ծրագրի բոլոր փուլերում՝ կառավարման պորտֆելային մոտեցման գաղափարը դասընթացների միջոցով յուրացնելուց մինչև իրենց մտահղացումներն ըստ այդ մոտեցման վերափոխելն ու իրականացնելը։ 

Գյումրիի համայնքապետարանի երիտասարդ, եռանդուն թիմը հսկայական աշխատանք է կատարել։ Տարբեր ձևաչափերով հանդիպումներ, քննարկումներ համայնքի շահագրգիռ բոլոր խմբերի հետ, խորհրդակցություն-քննարկումներ միջազգային փորձագետների հետ, ինչի արդյունքում նախնական ծրագիրը զտվել է ու բազմաթիվ առաջարկներից մնացել են մի քանի ենթածրագրեր, որոնք ամենաարդյունավետն են լինելու Գյումրիում մշակութային տուրիզմն ավելի գրավիչ դարձնելու հայեցակարգի շրջանակում։ 

Գյումրին արդեն մշակութային զբոսաշրջության ուղղություն է, խնդիրը այդ ներուժը մեծացնելն էր՝ նոր, ժամանակակից առաջարկներ ներկայացնելով ու ենթակառուցվածքները բարելավելով։ Դրանք այնպիսի նախաձեռնություններ են, որոնք բոլորը միասին պետք է աշխատեն նույն նպատակի համար՝ ավելի շատ զբոսաշրջիկ բերել Գյումրի, ավելի երկար պահել նրանց Գյումրիում և այնպես անել, որ նրանք հետագայում ցանկանան վերադառնալ։ Զբոսաշրջային նոր գրավիչ ուղղություններն էլ լրացուցիչ եկամուտ կապահովեն համայնքի բնակիչների համար։

 

ԿԱՊԱՆ. ԴԻՎԵՐՍԻՖԻԿԱՑՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅՈւՆ

Հայաստանի հարավարևելյան սահմանին գտնվող Կապանի մանկական գեղարվեստի դպրոցում տպավորություն է, թե մայրաքաղաքի խնամված, մշտապես ուշադրության կենտրոնում գտնվող մշակութային կենտրոնում ես՝ պրոֆեսիոնալ անձնակազմով, անհրաժեշտ նյութերով ու տեխնիկայով հագեցած։ Հետո, երբ տեղեկանում ես, որ մինչև բոլորովին վերջերս կենտրոնը չուներ անգամ բրուտագործական հաստոց, հասկանում ես, որ դպրոցի տարբեր անկյունները զարդարող կիրառական արվեստի բազմաթիվ նմուշները, ստեղծագործելուն նպաստող միջավայրը, բոլորը տարիների ընթացքում կենտրոնի մեջ ներդրված մեծ էնտուզիազմի արդյունք են։ Հիսուն տարուց ավելի գործող կենտրոնը մինչև այժմ աշխատում էր փոքրիկ, հին վառարանով։

«Մինչև հաստոցը գնելը մենք ամեն ինչ ձեռքով էինք անում։ Ես համացանցում էի տեսել, թե ինչպես է աշխատում բրուտագործական հաստոցը»,– ասում է 12–ամյա Հռիփսիմե Հարությունյանը, ով ուսուցչի օգնությամբ առաջին անգամ հաստոցի վրա սովորում է կորություն տալ կավե կճուճին։

Կապան համայնքի զարգացման պորտֆելային ծրագրի «Նոր տաղանդ» բաղադրիչի շրջանակում բրուտագործական հաստոցից բացի դպրոցը ձեռք է բերել նոր, ավելի մեծ ու ժամանակակից վառարան, եռաչափ տպող սարք, անհրաժեշտ գրականություն, կենտրոնում դասավանդող ուսուցիչների և աշակերտների հետ վարպետության դասեր են անցկացրել Երևանից ժամանած մասնագետները։ 

17–ամյա Էլեն Օհանջանյանն առաջիններից էր, որ շտապեց Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն՝ ընդգրկվելու հագուստի մոդելավորման նորաբաց խմբակում։ Էլենը միշտ երազել է դառնալ հագուստի մոդելավորող, բայց Կապանում հմտանալու որևէ հնարավորություն չկար։ Առաջին ու միակ խմբակը բացվել է դրամաշնորհային ծրագրի տրամադրած միջոցներով։ Գնել են պրոֆեսիոնալ գույք՝ կարի մեքենաներ, արդուկներ, նյութեր։ Ծրագրի շրջանակում գույք և նյութեր են ձեռք բերվել նաև փայտարվեստի առաջին խմբակի համար, իսկ գորգագործության արդեն գործող խմբակի երեխաների համար՝ նոր դազգահ։ Հինը շատ մեծ է և սկսնակ գորգագործներին հարմար չէր։ 

Էլենն ուրախ է, որ Գեղարվեստի ակադեմիա ընդունվելու համար անհրաժեշտ փորձ ու գիտելիքներ ձեռք բերելու նպատակով ստիպված չի լինելու մայրաքաղաք տեղափոխվել։ Ցանկանում է սովորել ու ստեղծագործել իր հայրենի քաղաքում։ Նա հիմա արդեն քիչ–քիչ սկսում է ձեռներեցության վերածել իր սովորածը, փոքրիկ աքսեսուարներ է պատրաստում և առցանց վաճառում։

Կապանի պորտֆելային ծրագրի ենթաբաղադրիչներում ընդհանրապես գերակշռում են երիտասարդների կրթությանը, հմտությունների ձեռք բերմանը, ձեռներեցության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը։ Այս նպատակին է ծառայում նաև Կապանի նորաստեղծ երիտասարդական կենտրոնը, որը նպատակ ունի խթանել երիտասարդների ակտիվությունը տարբեր միջոցառումների միջոցով։ 

«Ենթածրագրերն ընտրելիս հաշվի ենք առել, որ համայնքի տնտեսության հիմնական ճյուղը հանքարդյունաբերությունն է, միջազգային շուկայում մետաղների գների տատանումները կարող են իրենց ազդեցությունը թողնել տարածաշրջանի տնտեսության վրա, իսկ կայուն տնտեսության համար շատ կարևոր է, որ մյուս ճյուղերն էլ զարգացած լինեն։ Դրա համար շեշտը դրեցինք ձեռներեցության զարգացման, նաև սոցիալական ծառայությունների բարելավման վրա»,– ասում է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանը։ 

Կարողությունների զարգացման նպատակով համայնքի սոցիալական ծառայությունների աշխատակիցները մեկնել են Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաք։ Այժմ թվայնացնում են ամբողջ տեղեկատվական բազան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների վերաբերյալ՝ նրանց ցուցաբերվող աջակցությունն ավելի համակարգված և արդյունավետ կազմակերպելու, խնդիրներին ավելի հասցեական արձագանքելու համար։ 

Ձեռներեցության դասընթացներ երիտասարդների համար, խորհրդատվական ծրագրեր փոքր և միջին բիզնեսի համար, որպեսզի նրանք կարողանան այնպես կառավարել իրենց բիզնեսը, որ սկսեն զարգանալ, իսկ խոշոր գործարարներին՝ բիզնես համայնքին միավորող խոշոր ցանցին միանալու հնարավորություն, ինչի արդյունքում Կապանում ստեղծվել է «Մանթաշյանց» ակումբի մասնաճյուղ, որը տեղի գործարարների համար նոր կապեր հաստատելու, գործընկերներ գտնելու և իրենց բիզնեսն ընդլայնելու լավ հարթակ է։ 

Ծրագրի երկրորդ տրանշի շրջանակում շեշտը դրել են նորարական գյուղատնտեսության վրա։ Սա Կապանում արդիական է դարձել հատկապես պատերազմից հետո, ինչի հետևանքով համայնքը դարձել է սահմանամերձ և զրկվել նախկինում մշակվող շատ տարածքներ գյուղատնտեսական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից։ Այդ բացը փորձելու են լրացնել՝ փոխելով մոտեցումը գյուղատնտեսության նկատմամբ՝ օգտագործելով նոր տեխնոլոգիաներ՝ ջերմոցային տնտեսությունների զարգացում, նոր տեխնոլոգիաների կիրառում, խելացի անասնագոմերի ներդրում և այլն։ 

Պորտֆելային ծրագիրը կառավարման, խնդիրների վերհանման, դրանց լուծման, համայնքի զարգացման նպատակների սահմանման և իրականացման համալիր ու մասնակցային մոտեցում է, որի արդյունքում մի կողմից ապահովվում է տեղի բնակչության մասնակցությունը իրենց համայնքի զարգացմանը՝ լսելի դարձնելով նրանց կարծիքը ու ընձեռելով իրենց համայնքի զարգացմանը մասնակցելու հնարավորություն, մյուս կողմից՝ համայնքային իշխանությունները կառավարման նորարարական գործիքների տիրապետելով կարողանում են կառավարել զարգացման այս ամբողջ գործընթացը։ Համայնք–թիմ գաղափար, որի մարդակենտրոն գործելակերպի վերջնարդյունքում շահելու է համայնքի բնակիչը։