A
A
Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ նախագահ․ Զուգահեռներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻ՞նչ են ասում անցած ընտրությունները մեր մասին։
Ինչպե՞ս են փոխվել խաղի կանոնները, դերակատարները, մեթոդները։
«Ա1+»-ը սկսում է նոր «Ընտրական զուգահեռներ» շարք, որտեղ համառոտ ու փաստերով ներկայացնում ենք՝ ինչպես են ընթացել համապետական ընտրությունները Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած 1990-ականներից մինչև մեր օրերը։
Մենք բացելու ենք արխիվները, հիշեցնելու անցյալի դրվագները, ու փորձելու հասկանալ՝ ինչ են պատմում դրանք այսօրվա մասին։
Այս շարքը հակիրճ ուղեցույց է անցումային Հայաստանի ընտրական անցյալով՝ առանց մեկնաբանության, առանց չափազանցությունների, միայն փաստերով։
--------------------------------------------------------------------------
1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Նախագահի
ընտրություն։
Դրանից ընդամենը 25 օր առաջ հայաստանցիները հանրաքվեով «Այո» էին
ասել անկախությանը։
Ընտրությանը մասնակցեց վեց, թեեւ առաջադրվել էր յոթ թեկնածու, որոնց թվում
Գերագույն խորհրդի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու վարչապետ Վազգեն
Մանուկյանը։ Ակնհայտ էր՝ «Ղարաբաղ» կոմիտեն արդեն տրոհված է, քանի որ Տեր-
Պետրոսյանից ու Մանուկյանին բացի առաջադրվել էր նաեւ նույն կոմիտեի
անդամ,ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը։
ՀՅԴ-ն առաջադրել էր դերասան Սոս Սարգսյանին, ԱԻՄ-ը՝ Պարույր Հայրիկյանին։
Առաջադրվել էին նաեւ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ու անկուսակցական Զորի
Բալայանը։
Հայոց համազգային շարժում կուսակցությունը պաշտպանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի
թեկնածությունը։ Ուստի Մանուկյանը, զրկված լինելով քաղաքական հենարանից, դուրս
եկավ ընտրապայքարից՝ հետագայում այլ քաղաքական ուժ հիմնելու մտադրությամբ։
Վազգեն Մանուկյանը ոչ միայն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, այլեւ հրաժարվեց
վարչապետի պաշտոնից։
Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններում հաղթեց ահռելի առավելությամբ՝ ստանալով
ընտրողների ձայների 83 տոկոսը։ Ուշագրավ է, որ նա նույնիսկ ընտրարշավ չանցկացրեց,
նախընտրական ծրագիր էլ չներկայացրեց։
«Եթե այլ թեկնածուներին գնահատելու եք իրենց խոստումներով, ապա ինձ արդեն մեկ
տարուց ավելի արված աշխատանքով»,- դիմում էր ժողովրդին Տեր-Պետրոսյանը, որ 1990-
ի օգոստոսի 4-ից լինելով Գերագույն խորհրդի նախագահ, տվյալ պահին գործող
կարգավորումներով փաստացի պետության ղեկավարն էր։
Մյուս թեկնածուները խոստումներ տալիս էին։ Պարույր Հայրիկյանը խոստանում էր
արմատական լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ մերժել ցանկացած
կախվածություն։
Սոս Սարգսյանը ընտրվելու դեպքում վերացնելու էր նախագահի պաշտոնը՝ նախաձեռնելով
անցում կառավարման խորհրդարանական համակարգի։
Զորի Բալայանը, Ռաֆայել Ղազարյանը և Աշոտ Նավասարդյանը պահանջում էին
իրագործել Հայաստանի Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի
Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը՝ Հայաստանի և Արցախի
վերամիավորման մասին։
Ինչեւէ, հաղթեց խոստումներ չտված Տեր-Պետրոսյանը, իսկ Հայրիկյանը
ընտրություններում ստացած քվեների թվով երկրորդն էր․ նրա օգտին քվեարկել էր 7
տոկոսը։ Հայրիկյանը չէր ընդունում արդյունքը, քանի որ, իր բառերով, ինքն էր
տասնամյակներ շարունակ պայքարել Հայաստանի անկախության համար, հանուն այդ
գաղափարի ավելի քան 17 տարի անցկացրել աքսորում ու տարբեր ռեժիմի գաղութներում։
ՀՅԴ թեկնածու Սոս Սարգսյանը ստացել էր ձայների 4,3 տոկոսը։ Մյուս երեք
թեկնածուները՝ Զորի Բալայան, Ռաֆայել Ղազարյան, Աշոտ Նավասարդյան, չնչին քվեներ
էին ստացել։
1991թ-ից ի վեր Հայաստանում համաժողովրդական քվեարկությամբ անցկացվել է
նախագահի վեց ընտրություն։
1991-ի ընտրությունը ոչ միայն առաջինն էր, այլև՝ միակը, որի լեգիտիմությունը կասկած
չի հարուցում։