Օրացույց․ 29-ը դեկտեմբերի․ Ինչպես 100 մլն դոլար պարտքի դիմաց հանձնեցինք մի քանի ձեռնարկություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1993-ի դեկտեմբերի 29-ին մահանում է Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանը։ Մհերը հեռացավ միայնության մեջ՝ Հայաստանի համար ծանր ժամանակներում՝ հազիվ հասցրած բացել իր թատրոն-ստուդիան։ Նրա վերջին դերը «Հացթուխի կինն» էր։
1995-ի դեկտեմբերի 29-ին Ազգային պատկերասրահից գողանում են Հովհաննես Այվազովսկու «Լուսնային գիշերը ծովափին» կտավը: Գողությունը կատարվում է օրվա ընթացքում, ինչպես ասում են, այցելուների աչքի առաջ: Տեղի ունեցածը էներգետիկ ճգնաժամի չար կատակն է: Սրահի պատասխանատուն միայն մեկ րոպեով էր հեռացել տաքանալու: Վկաներն ասում են, որ հանցագործը մոտ 30 տարեկան է, նրան գտնել օգնողներին ոստիկանությունը խոստանում է դրամական պարգեւ: Ֆոտոռոբոտը կա։
1996-ի այս օրը Երեւանի «Անի» հյուրանոցի ռեստորանում խոհարարների մրցույթ է: Սեղաններին խոհանոցային նորաձեւությունն է, հաղթողները Երեւանի երկու հյուրանոցների խոհարարներն են: Մրցույթից հետո բոլոր ներկաները կարող էին դրանում համոզվել:
1997-ի այս օրը վարչապետ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Հայաստանի լավագույն մարզիկների պարգեւատրման արարողությանն այն պատճառաբանությամբ, որ սպորտից հեռու մարդ չէ: Նրան սպորտի մասին խոսելն ավելի հաճելի է, քան՝ քաղաքականության:
1998-ի այս օրը Ազգային Ժողովն ձայների գերակշռող մեծամասնությամբ ընդունում է մի բյուջե, որին երկու ամիս առաջ դեմ էր նույնիսկ իշխող «Երկրապահ» խմբակցությունը: Ընդունվելուց առաջ միակ դեմը նախկին իշխող «Հանրապետությունն» էր: Բաբկեն Արարքցյանն ասում է, որ բյուջեի նախագիծը նման է մի կարկանդակի, որը փորձում են բաժանել բոլորին, բայց արդյունքում՝ ոչ մեկին: Այս քննարկումներին մինչեւ վերջ ներկա է նախագահ Քոչարյանը, սակայն՝ ոչ մի ծպտուն:
1999-ի դեկտեմբերի 29-ին Երեւանի մամուլի ակումբը մրցանակներ է հանձնում լրագրողներին: Հիմնական մրցանակակիրները՝ Աննա Իսրայելյանը, «Ա1+» եւ «Ար» հեռուստաընկերությունն, իրենց դրսեւորել էին հոկտեմբերի 27-ի օրերին: Հետաքննող Էդիկ Բաղդասարյանը մրցանակի է արժանանում Գորիսի բանտում հեռուստացույցի բացակայության մասին ֆիլմի համար:
1999-ի այս օրը ձերբակալվում է ՀՀՇ փոխնախագահ, Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանը: Վերջինս չէր ենթարկվել ոստիկաններին, որոնք համայնքի շրջայցի ժամանակ փակել էին նրա մեքենայի ճանապարհն ասելով, որ նախագահը մոտերքում ճաշում է: Կալանավորվելուց հետո թաղապետը հայտարարում է հացադուլ։ Գործարարներին զայրացրել է 2000-ի այս օրերին խորհրդարանում ընդունված հարկային բարեփոխումների փաթեթը: Գործարարների կարծիքը ոչ ոք չհարցրեց էլ: Միայն հիմա ֆինանսների նախարարը ներկայացնում է փաթեթի էությունը: Գործարարներն արդեն խնդրում են փաթեթն ուժի մեջ մտցնել գոնե մեկ ամիս հետո:
Մի խումբ ավտոմեխանիկներ 2000-ի այս օրը ներկայացնում են հայկական ջիփը: Մեքենան ստեղծած խմբի ղեկավարն ասում է, որ հենց այսպիսի ավտոգնացներ են պետք մեր բանակին: Հիմնականում տեղական հումքով հագեցած այս ավտոմեքենան արտադրվել է «Երազ» ավտոգործարանում եւ նրան չի խոցի միայն թեթեւ հրազենը: Բաղրամյան եւ Դալարիկ գյուղերում տոն է՝ նրանք ջուր ունեն: Այս ջուրը մարզային ներքին գործերի աշխատակիցների նվերն է գյուղին: Մարզպետն ասում է, որ մի քանի գյուղեր կան հերթում, գերմանացիները փողը կտան։
2000 թվականի ընթացքում Ղարաբաղի հարցում ոչ մի տեղաշարժ չկա,-այս օրը հրավիրած ասուլիսում ասում է արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հետեւաբար, ըստ նրա, ուժի մեջ են Մինսկի խմբի մինչեւ այսօր արված բոլոր առաջարկները, ներառյալ 1997-ինը, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է։ Ռուսական «Սոգլասիա» ընկերությանը վաճառված մանկական հանրախանութում 2001-ի այս օրն ակցիա է: Հանրախանութի պահեստում կուտակված էր մոտ 1 միլիոն դրամի հագուստ, որը բաժանվում է կարիքավորներին։
Հայաստանում 2001-ի դեկտեմբերի 28-ին սպասում են Ռուսաստանի փոխվարչապետ Իլյա Կլեբանովին: Գորգն է կարմիր եւ շարժասանդուղքը, որն օդանավին հարմար չէ: Կլեբանովը գալիս է ստորագրելու «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը, որով Ռուսաստանին ունեցած 100 միլիոն դոլար պարտքի դիմաց պետք է նրան հանձնենք մեր խոշոր ձեռնարկություններից մի քանիսը: Ի դեպ, հաջորդ օրն առավոտ շուտ Կլեբանովը Հայաստանից հեռանում է՝ բոլորովին անակնկալ մեզ թողնելով իր գոհունակության բառերը։
2001-ի դեկտեմբերի 29-ին Իրանից Հայաստան է վերադառնում նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Օդանավակայանում ուրախ են բոլորը, որոշ պայմանավորվածություններ են եղել Թեհրանում գազամուղի շինարարության վերաբերյալ: Փոխվել է խողովակի տրամագիծը: Հիմա այն չի լինելու տրանզիտային խողովակ,ինչպես պայմանավորվել էին նախկինում։ 2012-ի այս օրը ընդդիմությունն ամփոփում է տարին՝ այն փակվեց քաղբանտարկյալներով։