Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Հասարակություն

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Սունին՝ նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով: Ուղերձում նշված է.

 

«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լիբանանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր առաջնորդությամբ՝ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Լիբանանը կվերագտնի կայունության, խաղաղության ու բարեկեցության ուղին:Հայաստանն ու Լիբանանն ունեն բարեկամության հարուստ ավանդույթներ՝ հիմնված պատմամշակութային սերտ կապերի և երկու ժողովուրդների միջև առկա փոխադարձ հարգանքի վրա: Վերահաստատում եմ Հայաստանի աջակցությունը Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը: Վստահեցնում եմ, որ Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ:

 

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք էլ ավելի խորացնել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկրների և երկու բարեկամ ժողովուրդների:

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն Ձեր պատասխանատու առաքելության մեջ, իսկ Լիբանանի եղբայրական ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց»: