ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր
Աջակցիր «Ա1+»-ինՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Հանդիպման ընթացքում, ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները, կողմերն արձանագրել են, որ չնայած առկա մարտահրավերներին, հայ-ամերիկյան հարաբերությունները զգալի հաջողությունների և առաջընթացի են հասել մաքսային և հարկային վարչարարության ոլորտներում։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության ծրագրի շրջանակում ՊԵԿ-ին տրամադրված աջակցության, դրա շարունակականության, թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի հետ համագործակցության, ինչպես նաև ապօրինի գործողությունների դեմ պայքարի և մաքսային գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տարվող համատեղ ջանքերին։ Կարևորվել է փոխադարձ առևտրի համատեքստում առավել ապահով և արդյունավետ միջավայրի ստեղծումը։
Կողմերն ընդգծել են հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակում նախորդ տարի ստորագրված՝ մաքսային ոլորտում փոխադարձ վարչական աջակցությունը համակարգող համաձայնագրի կարևորությունը նշելով, որ մաքսային ոլորտում երկկողմ հարաբերությունները զարգացման նոր փուլում են։
Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահն ընդգծել է կոմիտեի տեսլականի ամրապնդումը՝ որպես արհեստավարժ ծառայություններ մատուցող պրոֆեսիոնալ կառույց՝ այդ առումով կարևորելով նաև հայ-ամերիկյան փոխգործակցության ու փոխօգնության շարունակականությունը մաքսային ու հարկային վարչարարության ոլորտներում։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին