Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը զարմացավ, որ ռեյտինգներից հարց չհնչեց

Տնտեսություն
8428d7fdb183b327b4a00e4c492c3759

Չնայած որ Հայաստանում տնտեսական առաջընթացը դեռեւս նկատելի է միայն նրա անմիջական դերակատարներին, սակայն այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հավատացրեց, որոշ ժամանակ հետո այն նկատելի կլինի նաեւ մյուսներին:

Այսօր «Հայաստանը որպես իրականացվող հնարավորությունների երկիր» ծրագրի 7-րդ հանդիպմանը Հայաստանի տնտեսության դինամիկ աճի մասին խոսեց նախարարը: Հանդիպումը Մոսկվայի տանը կազմակերպել էր «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամը, որտեղ հիմնական լսարանը երիտասարդ տնտեսագետներն էին: Նպատակն էր մասնակիցներին, անմիջական դերակատարների` այս դեպքում նախարարի ներկայացմամբ ծանոթացնել հայաստանյան եւ համաշխարհային տնտեսական զարգացումներին, խորացնել մասնագիտական գիտելիքները, ներգրավել համաշխարհային փորձն ու զարգացումները: Նախարարի զեկույցի նման փորձը այս լսարանի համար առաջին անգամ էր:

«Հայաստանը գտնվում է տնտեսական զարգացման կարեւոր փուլում: Մենք ֆինանսատնտեսական ճգնաժամի դժվարություններով անցանք հնարավորիս փոքր կորուստներով եւ այժմ զբաղված ենք տնտեսության վերականգնմամբ: Տնտեսական դինամիկան ցույց է տալիս, որ դա մեզ հաջողվում է»,- ասաց նախարարը` օրինակ բերելով անցյալ տարվա գրանցված ՀՆԱ-ի 2.6 տոկոս իրական աճը, եւ այս տարվա նախատեսվող 4 տոկոսից էլ ավելի աճը: Ըստ նրա` մեր տնտեսության հիմնական ճյուղը դա արդյունաբերական ոլորտն է, սակայն հավելեց, թե մյուս ոլորտները նույնպես չեն անտեսվում:

Նախարարի զեկույցը այդքան էլ համոզիչ չէր դահլիճում նստածներից ոմանց: «Բոլոր հարմար առիթներին թե վարչապետը եւ թե դուք խոսում եք այն մասին, որ բանկային համակարգը դիմացավ բոլոր ճգնաժամերին, սակայն չեք նշում, որ այն դիմացավ շնորհիվ նրան, որ լրիվ կտրվեց տնտեսությունից»,- նշեց տնտեսագետներից մեկը եւ հարցրեց, թե երբ պետք է բանկային համակարգը բացի գրավ վերցնելուց եւ վարկ տալուց կիսի նաեւ հնարավոր ռիսկերը: Ըստ նախարարի` մեր բանկերը շատ փոքր են դեռեւս այդ գործառույթը իրենց վրա վերցնելու համար, սակայն ավելացրեց. «Ուշ թե շուտ, դրան նույնպես կհասնենք»:

Բողոքներ եղան նաեւ հարկային համակարգից: Նախարարի կարծիքով դա բնական է, քանի որ այս համակարգերն աշխատում են հակառակ ուղղվածությամբ: Վերջում նախարարը նույնիսկ զարմացավ, որ այսօր ռեյտինգներից հարց չհնչեց. «Հետաքրքիր զբաղմունք է, ով պարապ է մնում ռեյտինգ է ստեղծում»: