Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լեմկին
A A
Քաղաքականություն

Փաշինյանն աջակցում է ցեղասպանության ժխտման թուրքական ու ադրբեջանական խոսույթին. Լեմկինի ինստիտուտ

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արտահայտած մտքերի՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Ծավալուն հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը քննադատել է վարչապետին և կոչ արել ավելի զգուշավոր լինել իր խոսքերում

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն այսօր հայտարարություն է տարածել, ուր քննադատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերջերս հնչեցրած մտքերի համար:

Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի վարչապետը շվեցարահայ համայնքի հետ հանդիպման ընթացքում նշել էր, որ դեռ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ:

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»,- ասել էր վարչապետը ՀՀ կառավարության տարածած տեսանյութի համաձայն:

Իր ծավալուն հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը շեշտում է՝ վարչապետ Փաշինյանի հարցադրումները մարտահրավեր են նետում Հայոց ցեղասպանությանը՝ որպես հաստատված պատմական փաստի։ Վարչապետի խոսքերը Լեմկինի ինստիտուտը դիտարկում է վտանգավոր, քանի որ դրանք սպառնում են «համարձակություն հաղորդել Հայաստանի հարևաններին՝ ընդդեմ Հայաստանի»։

«Լեմկինի ցեղասպանության կանխարգելման և մարդկային անվտանգության ինստիտուտը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնք էլ ավելի են արձագանքում թուրքական ժխտողական խոսույթները։ Նրա իմաստազուրկ հայտարարություններն անտեսում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, այդ թվում՝ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից, կանգնում Ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարի ճանապարհին և ստեղծում աշխարհաքաղաքական վտանգավոր դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի վերջին ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը շարունակաբար սպառնացող վտանգների համատեքստում»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշված է. «1939 թվականին Հայոց ցեղասպանության քաղաքական համատարած ճանաչման բացակայությունը (Փաշինյանի ընտրության տարօրինակ տարի) կարելի է բացատրել բազմաթիվ գործոններով, որոնցից առանցքային է այն փաստը, որ «ցեղասպանություն» եզրը ստեղծվել է միայն 1943 թվականին։ Բայց կան նաև այլ պատճառներ. Եվրոպան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները, այն տարածքները, որտեղ հայտնվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների մեծ մասը, զբաղված էին իրադարձություններով, որոնք կհանգեցնեին Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկմանը. այն ժամանակ չկար վայրագությունները հասկանալու կամ դրանց ճանաչումը պահանջելու գլոբալ շրջանակ. սովորաբար մի քանի տասնամյակ է պահանջվում, որպեսզի վերապրած համայնքները վերախմբավորվեն և գտնեն հավաքական ուժ՝ սկսելու հիշատակման և ճանաչման դժվարին աշխատանքը. Ցեղասպանագիտության գիտական ոլորտը ի հայտ եկավ միայն 1980-ականներին: Վարչապետին հիշեցնում ենք, որ պատերազմի ավարտին Օսմանյան կայսրությունը դատավարություններ է իրականացրել ցեղասպանություն իրականացնողների դեմ, որում շատերը մեղավոր են ճանաչվել և կախաղան հանվել»,- ասված է հայտարարության տեքստում:

Ըստ Լեմկինի ինստիտուտի՝ «1939-ին ցեղասպանության պաշտոնական ճանաչման բացակայությունը պայմանավորված էր ոչ թե այն պատճառով, որ իրադարձությունն ինքնին անհասկանալի էր կամ անհայտ, այլ այն պատճառով, որ իրավական, հայեցակարգային և ինստիտուցիոնալ շրջանակը, որն նման վայրագություններն ամբողջությամբ նկարագրելու և անդրադառնալու համար, դեռևս գոյություն չուներ: Նույնիսկ Հիտլերն ինքը գիտեր Հայոց ցեղասպանության սարսափի մեծության մասին՝ այն նմանեցնելով դեպի արևելք էքսպանսիայի իր ծրագրերին»,- գրում է Լեմկինի ինստիտուտը:

Հայտարարության հեղինակները Հայաստանի վարչապետին կոչ են արել ավելի ուշադիր լինել իր արտահայտություններում՝ ընդգծելով, որ Ցեղասպանության վերաբերյալ անորոշ հռետորաբանությունը Հայաստանի շահերից չի բխում։

Ամերիկայի Ձայն