Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարար. «Բնապահպանների կարծիքը հաշվի է առնվել» (տեսանյութ)

Տնտեսություն
76a60e02134fa70bf4889c3c041d86e5

Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը կնպաստի տնտեսական աճին: Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ Տարածքային նախարարության ներկայացրած օրինագծին:

Ըստ դրա` գործադիրն այլ կատեգորիա է փոխադրել Վայոց ձորի մարզի Գնդեվազի եւ Գետափի, Կոտայքի մարզի Բալահովիտի գյուղական եւ Եղվարդի քաղաքային համայնքների հողերի մի մասը` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանների եւ օժանդակ կառույցների շինարարության, բնակելի կառուցապատման և տրիկոտաժի արտադրամասի կառուցման համար:

«Փոքր ՀԷԿ-երի նկատմամբ հետաքրքրությունը վերջին փուլում ոնց որ նորից բարձրացել է` հաշվի առնելով հողի կատեգորիաների այս վերջին փոփոխությունը: Այնպես որ այդտեղ լուրջ ներդրումներ նորից պետք է լինեն»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Խոսրովի անտառը կփրկվի՞

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է նաեւ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացրած «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման եւ օգտագործման ծրագիրը:

Ծրագրով նախատեսվում է մոնիթորինգի ենթարկել տարածքում գտնվող ավելի քան 300 հուշարձանները` դրանք վերականգնելու եւ բարեկարգելու նպատակով: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ «Խոսրովի անտառ»-ի արգելոցի հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծվել են, այդ թվում` նրանք, որոնք բարձրացնում էին բնապահպանական կազմակերպությունները:

«Կարող ենք արձանագրել, որ նախորդ կառավարության որոշումներով ու այսօրվա այս համալիր ծրագրով մենք նրանց բոլոր մտահոգությունները «Խոսրովի անտառ»-ի կապակցությամբ փարատում ենք»,-ասաց նա:

Վնաս չի՞ լինի

Կառավարության նիստից հետո ՀՀ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ընդերքի մասին» ՀՀ օրենքին, նշեց, որ իրենց կողմից լրացուցիչ առաջարկվել են բազմաթիվ դրույթներ, մասնավորապես բնապահպանական վերահսկողության, ինչպես նաեւ` բնօգտագործման վճարների մասով:

«Մենք այստեղ հաշվի ենք առել բնապահպանների կարծիքը: Մեր դիրքորոշումը հետեւյալն է` անհրաժեշտ է, որպեսզի ընդերքը շահագործվի, սակայն շրջակա միջավայրի պահպանության խնդիրները պետք է իջեցվի ամենացածր մակարդակի վրա: Պետք է շրջակա միջավայրին վնասներ չտրվեն, պետք է օգտագործվեն ամենաժամանակակից տեխնոլոգիաները, եւ հնարավոր վնասները շրջակա միջավայրին լինեն ամենացածր աստիճանի»,- ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ բոլոր այն տնտեսվարողները, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը, օրենքի համաձայն տույժեր, տուգանքներ են մուծում: