Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Գերմանիայի ղեկավարությունը ''կտրուկ քննադատում է'' Թրամփին և ԱՄՆ քաղաքականությունը Մյունխենի համաժողովում. DW (տեսանյութ)

DW

Փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունեցավ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը (Frank-Walter Steinmeier)։ Նա քննադատեց Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ մեղադրելով ԱՄՆ նոր վարչակազմին հաստատված կանոնների և պայմանավորվածությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ։

Գերմանիայի նախագահը նաև ընդգծեց ռազմական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ մղվող պատերազմի պայմաններում։ Շտայնմայերը շեշտեց, որ դա արվում է ոչ թե պատերազմի համար, այլ դրա կանխումը հնարավոր դարձնելու նպատակով։

---

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը (Boris Pistorius), ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, խիստ քննադատեց իրենից առաջ խոսած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի (J.D. Vance) հայտարարությունները։ Պիստորիուսը ընդգծեց Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունն ու պաշտպանեց ռազմական ծախսերի ավելացման գաղափարը։

ԱՄՆ փոխնախագահի կոշտ հայտարարությունները զարմանք առաջացրին եվրոպական քաղաքական շրջանակներում։ Վենսը կտրուկ քննադատեց ԵՄ քաղաքականությունը՝ մասնավորապես անդրադառնալով միության ներգաղթային խնդիրներին։ Նա նաև կասկածի տակ դրեց Գերմանիայի քաղաքական գործիչների որոշումը՝ չհամագործակցել աջ պոպուլիստական «Գերմանիայի այլընտրանք» (AfD) կուսակցության հետ։

Փորձագետներին զարմացրեց այն փաստը, որ Վենսը ոչինչ չասաց Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ, չնայած մեկ օր առաջ հենց այդ թեմային էր մեծ ուշադրություն դարձրել Դոնալդ Թրամփը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ փոխնախագահը մտադիր է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։