«Կրիայի քայլերով ենք առաջ գնում»
Հայաստանի ցածրագույն տնտեսական ցուցանիշի մասին «Forbes» հեղինակավոր ամսագրի հրապարակած ցուցանիշները վիրավորական են, բայց Հայաստանում տնտեսական հետընթաց արձանագրվել է,- լրագրողներին այսօր ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Ասել, որ «Forbes»-ը սխալ է, և մենք թերություն չունենք, ճիշտ չէ։ Մենք հո գիտենք մեր տնտեսության վիճակը։ Կառավարությունը հստակ պետք է նշի, թե ինչ խնդիրներ ունենք, ինչ խնդիրներ են, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապ չունեն»,-նշեց տնտեսագետը։
ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի կարծիքով` «Forbes»-ի և այլ ռեյտինգային գործակալությունների գնահատականներին պետք չէ լուրջ վերաբերվել. «Ինֆորմացիա տրամադրելու դրդապատճառները որևէ կապ չունեն օբյեկտիվ վերլուծության հետ: Նման գործակալությունների հայտարարությունները իմիջի համար պայքարելու լկտի միջոց են»։ Ըստ պատգամավորի` ակնհայտ լրատվական պատերազմ է ընթանում:
Իսկ ահա Թաթուլ Մանասերյանն այս ցուցանիշներից առաջացած աժիոտաժը կապում է անաչառ ինֆորմացիայի պակասի հետ։
«Երբ մենք չունենք ներքին անաչառ ռեյտինգների գնահատականներ, ստիպված կախվածություն է առաջանում արտաքին աղբյուրներից, որոնք էլ կարող են տարբեր կերպ մեկնաբանել։ Պետք չէ վստահել ռեյտինգային գործակալությունների գնահատականներին»,- ասաց տնտեսագետը։
Նա հակված չէ մտածելու, որ սա պատվեր է, քանի որ, ըստ մասնագետի, «Forbes»-ը երբեք իր իմիջը չի վտանգի Հայաստանի նման փոքր երկրի համար։
Թաթուլ Մանասերյանը համաձայն է հրապարակված որոշ փաստերի հետ, որ Հայաստանում իրոք հետընթաց արձանագրվել է, համախառն ներքին արդյունքը կրճատվել է, գնաճի մասին ցուցանիշը մասնագետի գնահատմամբ ևս ճիշտ է։ Տնտեսագետը համամիտ չէ վճարային հաշվեկշռի մասով 2009 թ տվյալների հետ։
«Եթե նույնիսկ պարտք ենք վերցնում, դա դրական հաշվեկշիռ է ունենում։ Հիշեցնեմ, որ մենք ՌԴ-ից փոխ առանք կես միլիարդ, Համաշխարհային բանկից՝ կես միլիարդից ավելի, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական բանկից, այնտեղ սա գնահատված էր բացասական»,-ավելացրեց բանախոսը։
Տնտեսագետի գնահատմամբ՝ գյուղատնտեսությունում փոքր-ինչ առաջընթաց կա։ Սակայն նա ամոթալի է համարում, որ Հայաստանը կրիայի քայլերով է առաջ գնում. «Շինարարության ոլորտը դեռ չի զարթնել, տեղական արտադրությունը մինչև չարթնանա, մենք՝ որպես ներկրող երկիր, պարտքով ապրող երկիր ենք լինելու, ծառայությունների ոլորտում ևս մրցունակության բարձր մակարդակ չունենք»։
ՀՀԿ-ական պատգամավորը համամիտ է, որ Հայաստանի տնտեսական վիճակը նախորդ երեք տարիների համեմատ հետընթաց է ապրել, և սա ասում է «ոչ ինտուիտիվ մակարդակով»: