Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-03-18_21-28-08
A A
Պաշտոնական

Ի՞նչ են պայմանավորվել Թրամփն ու Պուտինը 2,5 ժամ տեւած հեռախոսազրույցի ժամանակ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են մանրամասն և բաց քննարկում Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ։ Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ մարտական գործողությունները դադարեցնելու և մարդկային կորուստները կանխելու ջանքերի համար։
 
Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և նշել, որ Մոսկվան պատրաստ է ամերիկյան գործընկերների հետ մանրակրկիտ քննարկել կարգավորման հնարավոր ուղիները։ Նա ընդգծել է, որ լուծումը պետք է լինի համապարփակ, կայուն և երկարաժամկետ՝ հաշվի առնելով անվտանգության հետ կապված Ռուսաստանի օրինական շահերը։
 
Թրամփի 30-օրյա հրադադարի նախաձեռնության համատեքստում ռուսական կողմը ներկայացրել է մի շարք կարևոր պայմաններ, ներառյալ՝ հրադադարի վերահսկողության մեխանիզմները, Ուկրաինայում պարտադիր զորակոչի դադարեցումը և ուկրաինական բանակի վերազինման դադարեցումը։ Ռուսական կողմը նաև մտահոգություն է հայտնել Կիևի ղեկավարության չպայմանավորվելու ունակության վերաբերյալ՝ նշելով, որ նրանք բազմիցս խախտել են նախորդ պայմանավորվածությունները։
 
 Ընդգծվել է, որ հակամարտության հետագա սրման կանխման համար առանցքային պայման պետք է լինի Ուկրաինային օտարերկրյա ռազմական օգնության և հետախուզական տվյալների տրամադրման դադարեցումը։
 
Դոնալդ Թրամփի խնդրանքով՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել հումանիտար նկատառումներից ելնելով ապահովել Կուրսկի մարզում շրջափակված ուկրաինական զինծառայողների կյանքն ու նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքը՝ համաձայն միջազգային իրավունքների։
 
Թրամփը նաև առաջարկել է 30 օրով դադարեցնել էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները, ինչին Պուտինը դրական է արձագանքել և անմիջապես համապատասխան հրահանգներ տվել ռուսական զինված ուժերին։
 
 Քննարկվել է նաև Սև ծովի նավագնացության անվտանգության հարցը, որի վերաբերյալ պայմանավորվել են սկսել բանակցություններ՝ համաձայնագրի մանրամասները լրացուցիչ քննարկելու համար։
 
 Պուտինը տեղեկացրել է, որ մարտի 19-ին նախատեսվում է ռուսական և ուկրաինական կողմերի միջև գերիների փոխանակում՝ 175-175 սկզբունքով, ինչպես նաև հավելյալ՝ 23 ծանր վիրավոր ուկրաինացի զինվորներ որպես բարի կամքի դրսևորում կփոխանցվեն Ուկրաինային
 
Երկու նախագահները հաստատել են, որ պատրաստ են շարունակել երկկողմ ջանքերը Ուկրաինայի հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հաշվի առնելով Թրամփի առաջարկները։ Այդ նպատակով կստեղծվեն ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբեր՝ հետագա բանակցությունների համար։
 
Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը քննարկել են նաև միջազգային օրակարգի այլ հարցեր, ներառյալ Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի իրավիճակը։ Կձեռնարկվեն համատեղ ջանքեր՝ ճգնաժամային գոտիներում իրավիճակի կայունացման, միջուկային զենքի չտարածման և գլոբալ անվտանգության հարցերում համագործակցության հաստատման ուղղությամբ։ Սա, իր հերթին, կնպաստի ռուս-ամերիկյան հարաբերությունների ընդհանուր մթնոլորտի բարելավմանը։ Դրական օրինակներից մեկը ՄԱԿ-ում ուկրաինական հակամարտության վերաբերյալ բանաձևի շուրջ համատեղ քվեարկությունն էր։
 
 Երկուստեք արտահայտվել է հետաքրքրվածություն երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում, հաշվի առնելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի հատուկ պատասխանատվությունը համաշխարհային անվտանգության ու կայունության ապահովման գործում։ Այս համատեքստում քննարկվել է համագործակցության հնարավոր լայն շրջանակ՝ մի շարք ոլորտներում փոխգործակցության հաստատման նպատակով։ Քննարկվել են նաև մի քանի գաղափարներ, որոնք ապագայում կարող են նպաստել տնտեսության և էներգետիկայի ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանը։
 
Դոնալդ Թրամփը աջակցել է Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ կազմակերպել հոկեյային հանդիպումներ ԱՄՆ-ում և Ռուսաստանում՝ ՆՀԼ-ի և ԿՀԼ-ի ռուս և ամերիկացի խաղացողների միջև։
 
 Նախագահները պայմանավորվել են պահպանել կապը բոլոր քննարկված հարցերի շուրջ։