Բացել լրահոսը Փակել լրահոսը
Red Rock Music
A A
Սպորտ

Հայաստան-Վրաստան․ ֆուտբոլային դիմակայությունների պատմությունը և առաջիկա վճռորոշ խաղերը

Նախկինում երկու երկները հանդիպել են 7 անգամ:

Մարտի 20-ին ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սեփական դաշտում կընդունի Վրաստանի ազգային թիմին: Դա կլինի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի անցումային առաջին խաղը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտին 23-ին, արդեն Թբիլիսիում:

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի հավաքականներն առաջին անգամ հանդիպել են 1997 թվականի մարտի 30-ին:

Թբիլիսիում կայացած այդ խաղում տանտերերը 7 անպատասխան գնդակ են անցկացրել մեր հավաքականի դարպասը: Նման խոշոր հաշվի պատճառն այն էր, որ Վրաստանի ընտրանին բավական լուրջ էր մոտեցել ընկերական հանդիպմանը, իսկ ահա մերոնք չէին կարողացել նորմալ մարզվել և նախապատրաստվել, քանի որ այն ժամանակ չի եղել նույնիսկ նորմալ խոտածածկով խաղադաշտ պարապելու համար:

Ինչևէ:

Երեք տարի անց թիմերը միմյանց հետ հանդիպել են երկու անգամ: Կիպրոսի միջազգային մրցաշարում կրկին հաղթանակ է տարել Վրաստանի հավաքականը՝ 2:1:

Ապրիլի 26-ին կողմերը ընկերական խաղ են անցկացրել Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Այդ հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով:

Հաջորդ, չորրորդ դիմակայությունը տեղի է ունեցել դարձյալ Կիպրոսում, 2004 թվականին: Այդ անգամ Հայաստանի հավաքականը ռևանշ է վերցրել չորս տարի առաջ կրած պարտության դիմաց՝ 2:0:

2011 թվականին Հայաստանի և Վրաստանի հավաքականները պայմանավորվում են ընկերական խաղ անցկացնել իրենց արդեն քաջ ծանոթ կղզում՝ Կիպրոսում: Վարդան Մինասյանի սաները չնայած խաղային առավելություն են ունենում, սակայն ի վերջո պարտվում են 1:2 հաշվով:

Երկու երկրների հաջորդ երկու դիմակայությունները տեղի են ունեցել 2020 թվականին, ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի շրջանակում:

Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմի պատճառով Հայաստանի հավաքականը մրցակցին ընդունում է Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտում: Հանդիպման 89-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ մեր թիմը մարտական ոչ-ոքի է անում՝ 2:2:

Նոյեմբերի 15-ին Թբիլիսիում կայացած պատասխան խաղում Հայաստանի ընտրանին 2:1 հաշվով հաղթելով Վրաստանին, իր խմբում գրավում է 1-ին տեղը և առաջին անգամ բարձրանում Ազգերի լիգայի «Բ» գոտի:

Այդպիսով, Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականները մինչ այժմ իրար հետ հանդիպել են 7 անգամ:

Մեր թիմը երկու խաղում հաղթել է, երկուսում ոչ-ոքի արել, իսկ երեքում պարտություն կրել:

Չարաբաստիկ 0:7-ի պատճառով գոլերի հարաբերությունը Վրաստանի օգտին է՝ 14-8:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականը եթե երկու հանդիպումների արդյունքներով հաղթի Վրաստանին, ապա կնվաճի «Բ» գոտու ուղեգիր, իսկ պարտվելու դեպքում կմնա նույն «Ց» գոտում:

Մարտի 20-ին Երևանում կայանալիք խաղը կմեկնարկի ժամը 21-00-ին, իսկ թբիլիսյան հանդիպումը կսկսի ժամը 18-00-ին: