Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Տնտեսվարողներին չենք քերթում, տեռոր չենք անում, սովորական ստուգումներ են. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ ոչ մի գործարար անհարկի ճնշումների չի ենթարկվում, և բոլոր հարկային ստուգումներն իրականացվում են նախապես հաստատված ծրագրի համաձայն։

Նրա խոսքով՝ ՊԵԿ-ը մշակում է թիրախային ստուգումների տարեկան ծրագիր, որի շրջանակում իրականացվում են բոլոր անհրաժեշտ ուսումնասիրությունները՝ հիմնվելով հնարավոր ռիսկերի գնահատման վրա։ Նա հերքել է այն պնդումները, թե կառավարությունն այս միջոցներով փորձում է լրացնել բյուջեի պակասուրդը՝ ընդգծելով, որ ստուգումների գործընթացը կապ չունի բյուջետային ճնշումների հետ և իրականացվում է միայն տնտեսական ռիսկերի հիման վրա։

«Չենք քերթում, տնտեսվարողներին վերաբերվում ենք որպես մեր ընտանիքի անդամների։ Մեր նպատակն է մեր համակարգը և ծառայությունները դարձնել առավել մարդակենտրոն։ Համոզված եղեք, որ նման մոտեցումը մեր աշխատանքում միշտ առկա է», – նշել է Հակոբյանը։

Վերջին շրջանում լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերություններում լայնածավալ հարկային ստուգումներ են անցկացվում։