Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Պաշտոնական

Պաշտոնապես տրվեց «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2025» 21-րդ միջազգային ցուցահանդեսի մեկնարկը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մարտի 28-ին պաշտոնապես տրվեց «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2025» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի մեկնարկը։ Իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացրել վեց երկրի՝ Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի, Բելառուսի և Էստոնիայի, ընկերությունները։

«Ուրախալի է, որ այս տարի մասնակիցների քանակն աննախադեպ շատ է՝ 130-ից ավելի ընկերություն։ Ներկայացված են երկրներ, որոնք պարբերաբար մասնակցում են մեր շուկայում իրենց տեղը հստակեցնելու, իրենց ապրանքներն ու ծառայությունները ներկայացնելու համար,–բացման իր խոսքում նշեց ցուցահանդեսի համակազմակերպիչ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։– Այս ցուցահանդեսը հատկանշական է նրանով, որ եթե շինարարության ոլորտն ակտիվ ու աշխույժ է, նշանակում է առկա է տնտեսական աճ։ Նշանակում է՝ մարդիկ հավատում են այսօրվան և ապագային, որովհետև կառուցում, վերանորոգում են մնայուն արժեքներ՝ շենք, շինություն, բնակարան»։ ՀԱԳՄ նախագահը բոլոր մասնակիցներին հաջողություն մաղթեց տնտեսական, հանրային և անձնական ոլորտներում։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ էդգար Զաքարյանի՝ նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը շատ կարևոր է յուրաքանչյուր պետության և տնտեսության համար։ Դրանք արդյունավետ հարթակներ են և գործարարներին լայն

հնարավորություններ են տալիս միջազգային պայմանագրեր կնքելու, հետագա համագործակցության ու վաճառքների ընդլայնման համար։

ՀՀ–ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի խոսքով՝ ներկա ցուցահանդեսում ներկայացված են հավերժական թեմաներ՝ շինարարություն և արդյունաբերություն, որոնք միշտ եղել են ցանացած պետության անկյունաքարում։ Նա ուրախությամբ նշեց, որ վերջին հինգ տարում Հայաստանի և Բելառուսի միջև ապրանքաշրջանառության կանոնավոր աճ է արձանագրվում, իսկ 2024 թվականին այդ ցուցանիշը հասել է 250 մլն դոլարի։ Սա, դեսպանի գնահատմամբ, շատ արժանապատիվ ցուցանիշ է երկու երկրների համար։ Նա հույս հայտնեց, որ «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2025»–ը մասնակիցների համար նոր բազմամիլիոնանոց պայմանագրերի հնարավորություն կընձեռի։

Ցուցահանդեսում ներկայացված են շինարարական և վերանորոգման տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, հարդարման նյութեր, ջեռուցման տեխնիկա, շինարարական ծառայություններ, օդորակման համակարգեր, հատակի ծածկույթներ և արդիական բազմաթիվ այլ ուղղություններ։

LOGOS EXPO Center-ի մասնակցությամբ կազմակերպված «Կովկաս․ շինարարություն և վերանորոգում EXPO 2025» ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 30-ը։