Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թրամփ
A A
Քաղաքականություն

Թրամփ. «Ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»

«Ողջունում եմ խաղաղության հաստատման ուղղությամբ Ադրբեջանի և Հայաստանի ձեռնարկած քայլերը»,- նշել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի առթիվ Ադրբեջանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում։ Դրա տեքստը հրապարակվել է Ադրբեջանի պետական Azertag գործակալության կայքում։

«Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը համատեղ աշխատանքի երկարատև պատմություն ունեն։ Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք քայլեր կձեռնարկենք նոր մեծ գործերին ընդառաջ,- նշել է Թրամփը՝ հավելելով, - Ես երախտապարտ եմ Ադրբեջանին մեր գործընկեր Իսրայելի հետ բարեկամության, այդ երկրին ցուցաբերած աջակցության համար»։

«Միացյալ Նահանգները հետագայում ևս կաջակցի Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը»,-եզրափակել է Թրամփը։

Օրեր առաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը հայտարարել էր՝ ԱՄՆ նախագահն անհամբեր սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրմանը: