Արմավիրում վաճառվող սննդամթերքը ժամկետ չունի
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի աշխատանքային խումբը այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծանոթանալու մարզում առկա մրցակցային խնդիրներին և օրենքի հնարավոր խախտումներին ընդհանրապես:
Հանձնաժողովի փորձագետները Արմավիր քաղաքի խոշոր առևտրի կետերում իրականացրել են ուսումնասիրություն՝ պարզելու, թե որքանով են վաճառվող ապրանքները համապատասխանում օրենքի պահանջներին: Ուշադրության կենտրոնում էր հատկապես առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների շուկան:
Արդյունքում պարզվել է, որ առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման և արտադրողի վերաբերյալ տեղեկատվության, խանութներում վաճառվում էին մի շարք պարենային և սպառողական ապրանքներ, մասնավորապես սառեցված հավ, նրբերշիկ, թխվածքաբլիթներ, խմորեղեն, մակարոնեղեն և այլն:
Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել վերոնշյալ բոլոր ապրանքատեսակները: Փաստերի հետ կապված կկատարվեն վերլուծություններ, իսկ արդյունքների մասին կտեղեկացվի հանրությանը:
Այս մասին հայտնում է Հանձնաժողովի մամլո ծառայությունը: