Հող մշակելու համար պիտի սահման հատեն
Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղում գյուղտեխնիկայի խիստ պահանջ կա։ Գյուղացիներն առ այսօր օգտագործում են խորհրդային տարիներից մնացած տեխնիկան, որ սեփականաշնորհվել է Հայաստանի անկախացումից անմիջապես հետո։
Բայց ֆիզիկապես եւ բարոյապես մաշված տրակտորներն ու կոմբայնները չեն լուծում գյուղատնտեսական խնդիրները, իսկ անընդհատ շարքից դուրս եկող պահեստամասերը շատ թանկ են։
Գյուղտեխնիկայի մաշվածության պատճառով բերքի մեծ կորուստ է գրանցվում։ Գյուղը սահմանամերձ է , ուստի համապատասխան տեխնիկա չունենալու հոգսին գումարվում է եւս մեկ խնդիր՝ սահմանն անցնելու եւ չեզոք գոտում սեփական հողը մշակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեւակերպման հարցը։
Մի քանի ամիս առաջ գյուղը նոր տեխնիկա էր ստացել՝ Բելառուս МТС 82 -1 մակնիշի տրակտոր, բայց գյուղացիները վստահեցնում են, որ նոր տրակտորը ոչ մի օգուտ չի տալիս, քանի որ չունեն գյուղատնտեսական գործիքներ։ Իսկ հողը մշակելու համար այդ սարքավորումներն ուղղակի անհրաժեշտ են։
Ախուրիկ գյուղի բնակիչները հույս ունեն գործիքներ ստանալ գոնե եկող տարի, ինչպես խոստացել է գյուղապետարանը։
Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերություն