Բացել լրահոսը Փակել լրահոսը
images
A A
Պաշտոնական

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ահազանգում է ԱԲ-ի միջոցով երեխաների սեռական բնույթի պատկերների գեներացման աճի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է արհեստական բանականության (ԱԲ) կիրառմամբ սեռական բնույթի պատկերների գեներացման և տարածման արագ աճով, այդ թվում՝ այն դեպքերով, երբ փոփոխվում և սեռական բնույթի են դարձվում երեխաների լուսանկարները:

Այսպես կոչված դիփֆեյքերը՝ պատկերներ, տեսանյութեր կամ ձայնագրություններ, որոնք գեներացվում կամ փոփոխվում են արհեստական բանականության միջոցով իրական թվալու նպատակով, ավելի հաճախ են օգտագործվում երեխաներին պատկերող լուսանկարներով սեռական բնույթի բովանդակություն ստեղծելու համար։ Սա վերաբերում է նաև այսպես կոչված «մերկացմանը», երբ ԱԲ գործիքների կիրառմամբ հեռացվում կամ փոփոխվում է հագուստը՝ երեխաների մերկ կամ սեռական բնույթի կեղծ պատկերներ ստեղծելու համար։

Նոր տվյալները ցույց են տալիս այս աճող սպառնալիքի ծավալները։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԷՍՊԱԹ Ինթերնեշնլ-ի (ECPAT International) և ԻՆՏԵՐՊՈԼ-ի համատեղ ուսումնասիրության շրջանակում 11 երկրում առնվազն 1.2 միլիոն երեխա հայտնել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում իր պատկերները վերափոփոխվել են սեռական բնույթի դիփֆեյքերի։ Որոշ երկրների պարագայում սա վերաբերելի է  յուրաքանչյուր 25 երեխայից մեկին, ինչը համարժեք է մեկ երեխայի սովորական դասարանում։

Երեխաներն իրենք լավ գիտակցում են այս վտանգը։ Ուսումնասիրության մեջ ընդգրկված մի շարք երկրներում երեխաների մինչև երկու երրորդը նշել է, որ մտահոգված է այն փաստով, որ ԱԲ-ն կարող է օգտագործվել իրեն պատկերող կեղծ սեռական պատկերներ կամ տեսանյութեր ստեղծելու համար։ Մտահոգության մակարդակը երկրից երկիր զգալիորեն տարբերվում է, ինչն ընդգծում է իրազեկման, կանխարգելման և պաշտպանության ուժեղացման անհապաղ անհրաժեշտությունը։

Մեր մոտեցումը հստակ է. երեխաների՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված կամ փոփոխված սեռական բնույթի պատկերները երեխաների նկատմամբ սեռական բռնությունը փաստող նյութեր են։ Դիփֆեյք բռնությունը՝ բռնություն է, և դրա պատճառած վնասը կեղծ չէ։

Երբ օգտագործվում է երեխայի պատկերը կամ ինքնությունը, այդ երեխան ուղղակիորեն դառնում է զոհ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ հնարավոր չէ նույնականացնել կոնկրետ երեխայի, ԱԲ-ով ստեղծված սեռական բռնության նյութերը սովորական են դարձնում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները, խթանում են նման բովանդակության պահանջարկը և լուրջ խոչընդոտներ ստեղծում իրավապահ մարմինների համար՝ օգնության կարիք ունեցող երեխաներին հայտնաբերելու և պաշտպանելու գործում։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ողջունում է այն ԱԲ մշակող ընկերությունների քայլերը, որոնք անվտանգության գործիքակազմը ներդնում են նախագծման փուլում և կիրառում ուժեղ մեխանիզմներ՝ իրենց համակարգերի չարաշահումը կանխելու համար։ Սակայն միշտ չէ այսպես. բազմաթիվ ԱԲ մոդելներ դեռևս մշակվում են առանց անվտանգության բավարար միջոցների: Ռիսկերը հատկապես մեծանում են, երբ գեներատիվ ԱԲ գործիքներն ուղղակիորեն ներդրվում են սոցիալական մեդիա հարթակներում, որտեղ փոփոխված պատկերները կարող են արագ տարածվել։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում անհապաղ ձեռնարկել հետևյալ քայլերը՝ այս աճող սպառնալիքին դիմակայելու համար.

  • Կառավարությունները պետք է ապահովեն, որ երեխաների սեռական բռնության նյութերի իրավական սահմանումները հստակորեն ներառեն ԱԲ-ի միջոցով ստեղծված բովանդակությունը և քրեականացնեն դրա ստեղծումը, ձեռքբերումը, պահպանումը և տարածումը։
  • ԱԲ մշակողները պետք է կիրառեն «անվտանգություն նախագծման փուլում» մոտեցումը և ներդնեն ուժեղ պաշտպանական մեխանիզմներ՝ կանխելու ԱԲ մոդելների չարաշահումը։
  • Թվային հարթակները պետք է կանխեն ԱԲ-ի միջոցով ստեղծված երեխաների սեռական բռնության նյութերի տարածումը՝ ոչ միայն հեռացնելով նման բովանդակությունը որևէ դեպքից հետո, այլև ուժեղացնեն բովանդակության մոդերացիան՝ ներդրումներ կատարելով ավելի վաղ հայտնաբերման համակարգերում, որպեսզի նյութերը հեռացվեն անմիջապես, այլ ոչ թե օրեր անց՝ զոհի կամ նրա ներկայացուցչի ահազանգից հետո։

Դիփֆեյք բռնության պատճառած վնասը իրական է, և այն կանխելու համար անհապաղ գործողություններ են հարկավոր։ Երեխաները, ցավոք, ստիպված են սպասել, մինչ նոր օրենսդրություն մշակվի, համակարգերն ու տեխնոլոգիաները մշակվեն ու զարգանան։

###

Ծանոթություններ խմբագիրների համար.

Այս հայտարարությունը արտացոլում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ուղեցույց 3.0: Արհեստական բանականությունն ու երեխաները» ուղեցույցում (դեկտեմբեր, 2025 թ.) ներկայացված դիրքորոշումները։

Այս նոր տվյալները վերցված են «Disrupting Harm» (վերջ տալ վնասին)  զեկույցի 2-րդ փուլի ուսումնասիրություններից: Ուսումնասիրությունն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ռազմավարության և տվյալների գրասենյակի (Innocenti), ԷՍՊԱԹ Ինթերնեշնլ-ի (ECPAT International) և ԻՆՏԵՐՊՈԼ-ի կողմից՝ Safe Online նախաձեռնության ֆինանսական աջակցությամբ։ Այն ուսումնասիրում է թվային տեխնոլոգիաների կիրառմամբ երեխաների նկատմամբ իրականացվող սեռական ոտնձգության և բռնության խնդիրը՝ տրամադրելով տվյալներ ազգային համակարգերի, քաղաքականությունների և արձագանքման մեխանիզմների ամրապնդման համար:

Ներկայացված գնահատականները հիմնված են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և IPSOS-ի կողմից 11 երկրում իրականացված ազգային ներկայացուցչական տնային տնտեսությունների հարցումների վրա։ Յուրաքանչյուր հարցում ներառել է 12-17 տարեկան մեկ երեխայի և մեկ ծնողի կամ խնամակալի՝ օգտագործելով նմուշառման մոդել, որը նպատակ ուներ ապահովել ազգային լիարժեք կամ գրեթե լիարժեք ընդգրկում (91-100 տոկոս)։

Մեթոդաբանական ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://safeonline.global/dh2-research-methods_final-2/

Իրավիճակը Հայաստանում՝

Հայաստանում «Disrupting Harm» (վերջ տալ վնասին) ուսումնասիրությունը իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ ներքին գործերի նախարարության և Ինտերպոլի տեղական բյուրոյի հետ սերտ համագործակցությամբ։ Զեկույցը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝ Disrupting Harm in Armenia | UNICEF Հայաստան, հիմնական արդյունքները ներառում են հետևյալ կետերը՝

Հայաստանում համացանցից օգտվող 12–17 տարեկան երեխաների 5 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության։

  • Դեպքերի 71 տոկոսը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում՝ հաճախ սոցիալական մեդիա հարթակների միջոցով, ինչպիսիք են Instagram-ը, Snapchat-ը, TikTok-ը և Telegram-ը։
  • Հանցագործների 57 տոկոսը երեխաներին ծանոթ անձինք են եղել, այդ թվում՝ հասակակիցներ ու ծանոթներ, ինչը հերքում է այն առասպելը, թե ամենամեծ վտանգն անծանոթներն են ներկայացնում։
  • Տուժածների կեսից ավելին (53 տոկոսը) երբևէ որևէ մեկին չի հայտնել բռնության մասին, և որևէ դեպք չի զեկուցվել ոստիկանությանը։ Ամոթը, խարանը և զոհին մեղադրելու վախը եղել են բացահայտմանը խոչընդոտող հիմնական գործոնները։
  • Բռնության այսպիսի ձևերի ենթարկված երեխաները 12 անգամ ավելի հավանական է, որ ինքնասպանության մտքեր ունենան և 21 անգամ ավելի հավանական է, որ ինքնավնասման դիմեն՝ համեմատած իրենց հասակակիցների հետ՝ կրելով հոգեկան առողջությունը վնասող լուրջ հետևանքներ, սոցիալական մեկուսացում և երկարաժամկետ հոգեբանական տրավմա: