Բացել լրահոսը Փակել լրահոսը
629298051_1235296575368155_3556607243996280140_n
A A
Պաշտոնական

Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ՝ նրա պաշտոնավարումն ավարտելու կապակցությամբ։
 
Նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Ռիտերին վերջին երեք տարիների ընթացքում իրականացրած հետևողական և արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ այն արժանի է ոչ միայն Հայաստանի ղեկավարության, այլև մեր քաղաքացիների բարձր գնահատանքին։ Նախագահը նշել է, որ առաքելության գործունեությունն ուղղված է եղել սահմանամերձ գոտիներում լարվածության թուլացմանը, մարդկանց կենցաղն ու առօրյան առավել խաղաղ և անվտանգ դարձնելու կարևոր նպատակին, ինչը հաջողությամբ իրականացվել է։
 
Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ նշելով, որ Հայաստանը լքում է ջերմ տպավորություններով ու սիրով։ Նա ընդգծել է, որ իր գործունեության ընթացքում մշտապես զգացել է Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև երկրի ղեկավարության բոլոր օղակների աջակցությունն ու բարեկամական վերաբերմունքը։
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է Եվրամիության դիտորդական առաքելության կարևոր դերը Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանում՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ ներդրված ջանքերի համատեքստում։ Կողմերը շեշտել են տարածաշրջանում արդեն իսկ ընթացող խաղաղության գործընթացը դրական ավարտին հասցնելու կարևորությունը։
Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մարկուս Ռիտերին պարգևատրել է Երախտագիտության մեդալով։