Համակարգային կոռուպցիան սկսվեց, երբ ուսադիր կրողներ պաշտոնյաները դարձան միլիոնատեր․ Քոչարյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հիշեց, որ այսօր պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Ընդգծեց՝ ցանկանում է խոսել նրա և Կարեն Դեմիրճյանի միավորման պատճառների մասին։
Քոչարյանը նշեց, որ Վազգեն Սարգսյանը աջակցել էր Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն, սակայն մեկ տարի անց միավորվել էր Կարեն Դեմիրճյանի հետ՝ երկրում ստեղծված իրավիճակը փոխելու նպատակով։ Նրա խոսքով՝ այդ գործընթացն ավարտվեց ողբերգական իրադարձություններով՝ հիշեցնելով 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։
«Կոռուպցիոն վիճակն անհանգստացնում էր 2 մեծ անհատականություններին: Ինչո՞վ ավարտվեց դա, հոկտեմբերի 27-ով»,- ասաց նա։
Պատգամավորը նաև անդրադարձավ քաղաքական կոռուպցիայի թեմային՝ հայտարարելով, որ այն շարունակել է ուղեկցել Հայաստանի քաղաքական կյանքին։ Քոչարյանը խոսեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների մասին՝ հարց բարձրացնելով, թե ինչն է նրանց կապում․
«Խնդրեմ՝ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում է 135-ամյա դաշնակցության առաջնորդ, ի՞նչն է կապում Ռոբերտ Քոչարյանին Հայ հեղափոխական դաշնակցությանը»:
Իր ելույթում նա շեշտեց, որ կոռուպցիան միայն ֆինանսական հարաբերություններով չի սահմանափակվում և կարող է վտանգել պետությունների գոյությունը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում համակարգային կոռուպցիայի խորացումը հատկապես նկատելի դարձավ այն ժամանակ, երբ ուժային կառույցների ներկայացուցիչները սկսեցին մեծ հարստություն կուտակել։
«Ամբողջ ուժային բլոկում ե՞րբ սկսվեց համակարգված կոռուպցիան․ երբ ուսադիր կրող պաշտոնյաները դարձան միլիոնատերեր՝ բանակում, ազգային անվտանգությունում, ոստիկանությունում։ Բոլորդ իրենց տների կողքով անցնելիս տեսնում եք»,- ասաց նա։
Քոչարյանը նաև նշեց, որ համակարգային կոռուպցիան ձևավորվեց այն ժամանակ, երբ տարբեր կառույցներ սկսեցին փորձել իրենց «փայաբաժինը» ունենալ պետական ռեսուրսներից։
Պատգամավորը շեշտեց, որ 2018 թվականից հետո ստեղծվել են նոր ինստիտուտներ, որոնք պետք է զբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարով, և ընդգծեց, որ այդ փոփոխությունները անհրաժեշտ էին։
«Եթե այդ մարմինները պահվեին ստերիլ վիճակում, ինչպես հիմա է, լավ կլիներ։ Դրա համար էլ եղավ 2018 թվականը, պիտի լիներ»,- ասաց նա։
Քոչարյանը նաև զգուշացրեց, որ ներկայում կարող են ձևավորվել նոր քաղաքական ու տնտեսական խմբեր, որոնք մեծ ֆինանսական միջոցների միջոցով կարող են փորձել վերադառնալ իշխանության և ազդել դատարաններում քննվող գործերի վրա։
Ելույթի վերջում պատգամավորը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի հետևողական՝ անկախ նրանից, թե այն կապված է իշխանության, թե ընդդիմության հետ։
«Կոռուպցիան պետք է ոչնչանա՝ անկախ նրանից դա իշխանությունն է անում, թե ընդդիմությունը»,- եզրափակեց նա։