Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունները ձեզ փորձում են թմրեցնել, նարկոզի տակ պահել․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)

Ազգային ժողովում Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության հաղորդման քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը քննադատեց իշխանությունների քաղաքականությունն ու նրանց կողմից ներկայացվող մի շարք թեզեր՝ դրանք անվանելով «կեղծ»։

Պատգամավորը հայտարարեց, որ ընտրությունների մոտենալուն զուգահեռ իշխանությունների կողմից շրջանառվող թեզերի ինտենսիվությունն աճում է, և իր ելույթում առանձնացրեց երեք հիմնական պնդում, որոնք, ըստ նրա, լայնորեն կիրառվում են իշխանության քարոզչության մեջ։

«Առաջին թեզը, որ շրջանառվում է մեկ տարի շարունակ՝ խաղաղությունն է։ Իշխանությունները հայտարարում են, որ մեկ տարուց ավել է՝ սահմանին կրակոցներ չկան, ուրեմն խաղաղություն է։ Ամեն փայլող բան ոսկի չէ, ամեն հանդարտություն խաղաղություն չէ»,- ասաց նա։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իրականությունը այլ է, քանի որ, նրա պնդմամբ, ադրբեջանական ուժերը շարունակում են գտնվել Հայաստանի տարածքում։ Նա հիշեցրեց նաև, որ որոշ հատվածներում ադրբեջանական կողմը պահանջներ է ներկայացրել հայկական կողմին։

Խաչատրյանը օրինակ բերեց Կիրանց հատվածը՝ նշելով, որ երկու տարի առաջ հայկական կողմը այնտեղից դուրս է եկել այն տարածքից, որը ադրբեջանական կողմը իրենն էր համարում։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ իշխանությունները վստահեցրել էին, որ ադրբեջանական ուժերն էլ դուրս կգան այլ հատվածներից, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։

Պատգամավորը նաև հիշատակեց Բերքաբեր գյուղի հատվածը՝ նշելով, որ այնտեղից ադրբեջանական ուժերի դուրս գալու վերաբերյալ խոստումները չեն իրականացվել։

«Եթե ԱԺ-ի դահլիճից ադրբեջանական դրոշները չեք տեսնում, չի նշանակում, որ նրանք մեր տարածքում չեն։ Իշխանությունները ձեզ թմրեցնում են, նարկոզի տակ են պահում, որ չզգաք՝ ինչ է կատարվում»,- հայտարարեց նա։

Ելույթի ընթացքում պատգամավորը անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարի թեմային՝ այն անվանելով երկրորդ «կեղծ թեզը»։ Նրա խոսքով՝ տարիներ շարունակ հայտարարվում է, թե պետությունը վերադարձնելու է ապօրինի ձեռք բերված միջոցները, սակայն, ըստ նրա, այդ ուղղությամբ զգալի արդյունքներ չկան։

Խաչատրյանը օրինակ բերեց նախկին նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացված մեղադրանքները՝ նշելով, որ վերջինս դրանք հերքում է՝ հայտարարելով, թե խոսքը  նրա եղբոր խաղողի այգու մասին է․

«Ասում են՝ Լևոն Մկրտչյանն ունի հող, Լևոն Մկրտչյանն ասում է՝ դա իմ եղբոր սեփականություն հանդիսացող գործարանի խաղողի այգին է, ասում են՝ կապ չունի, գողացել ես հողը»:

Պատգամավորը քննադատեց նաև իշխանությունների հանրային հաղորդակցության ձևերը՝ նշելով, որ դրանք փորձ են ստեղծելու «սովորական մարդկանց» կերպար։

«Ձեր կարծիքով պեռաշկի, կուկուռուզ փարթիներն ինչի՞ համար են կազմակերպում։ Ուզում են թոզ փչել ժողովրդի աչքին, որ իրենք սովորական մարդիկ են, ճամփից կուկուռուզ են առնում»,- ասաց նա։

Ելույթի վերջում Խաչատրյանը անդրադարձավ նաև այն տեսակետին, թե ընտրություններով փոփոխություններ չեն կարող լինել։ Նրա խոսքով՝ նման պնդումները նույնպես կեղծ են։

«Եվ վերջապես ասում են՝ ընտրություններով ոչինչ չի փոխվի, իսկ ես ասում եմ՝ ամեն ինչ կարող է փոխվել և կփոխվի»,- եզրափակեց նա։