Սատանան դիվահարվում է խաչի, որոշ ՔՊ-ականներ՝ իմ անունից, դուք հո երեխա չեք․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը մի շարք հարցադրումներ և քննադատություններ հնչեցրեց՝ անդրադառնալով թե՛ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներին, թե՛ իշխանությունների գործունեությանը։
Նրա խոսքով՝ ներկայացված տվյալները մտահոգիչ են։ Գրիգորյանը նշեց, որ 2025 թվականի ընթացքում ավարտին է հասցվել 890 վարույթ, որոնցից 617-ը կարճվել են։ Ըստ նրա՝ սա ցույց է տալիս, որ մեծ թվով քրեական գործեր բարձրաձայնվում են, սակայն հետագայում ավարտվում են կարճմամբ։
Պատգամավորը նաև անդրադարձավ «թալանված միջոցների վերադարձի» մասին իշխանությունների հայտարարություններին՝ ներկայացնելով թվային համեմատություն։
«Որ էդքան ասում են՝ թալանածը վերադարձնում ենք։ Պարզվում է՝ 2025-ին պետությանը վերադարձվել է ընդամենը 1 միլիարդ 600 միլիոն դրամ։ Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին, բայց միայն 2025-ին կառավարությունը պարգևավճար է ստացել շուրջ 3 միլիարդ դրամ»,- ասաց նա։
Գրիգորյանը հիշեցրեց նաև նախկինում իշխանության կողմից հաճախ հիշատակվող դղյակների թեման՝ հարց բարձրացնելով, թե ինչ է արվել այդ ուղղությամբ իշխանության գալուց հետո։
«Մի հատ Հովիկ Աբրահամյանի դղյակը հիշեք, որն օրինակ բերելով եկաք իշխանության, կալանքի տակ դրեցիք դղյակը, կալանքից հանեցիք, հետո դղյակը վերադարձրիք ժողովրդի՞ն, թե՞ Նարեկ Նալբանդյանին»,- հարցրեց պատգամավորը։
Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև համավարակի ժամանակահատվածում պետական միջոցների օգտագործմանը՝ պնդելով, որ այդ շրջանում մսխված գումարների վերաբերյալ պարզաբանումներ չեն տրվում։ Նրա խոսքով՝ տարբեր գործերով իրավական գործընթացների արագությունն ու ընթացքը հաճախ տարբեր են լինում՝ կախված այն բանից, թե ում են դրանք վերաբերում։
Գրիգորյանը նաև հայտարարեց, որ որոշ գործարարներ, որոնց նկատմամբ նախկինում քննադատական հայտարարություններ են հնչեցվել իշխանությունների կողմից, հետագայում ստացել են մաքսային արտոնություններ։ Նրա խոսքով՝ այդ արտոնությունների ծավալը գերազանցում է 20 միլիարդ դրամը, և կան կասկածներ, որ որոշ գումարներ փոխանցվել են քաղաքական կառույցներին։
Պատգամավորը քննադատեց նաև ճանապարհաշինության ոլորտը՝ նշելով, որ պետք է պարզել, թե ուր են ծախսվել ասֆալտապատման ծրագրերի համար նախատեսված միջոցները։
Ելույթի ընթացքում Գրիգորյանը անդրադարձավ նաև իր անձի շուրջ տարածվող մեղադրանքներին։ Նա ասաց, որ իր հասցեին պարբերաբար հնչում են պնդումներ, թե ինքը հիդրոէլեկտրակայաններ ունի, ինչը չի համապատասխանում իրականությանը։
«Օրինակ՝ իմ մասին ասում էին, որ ես ՀԷԿ-եր ունեմ։ Այ մարդ, ես չունեմ այդ ՀԷԿ-երը»,- ասաց նա։
Պատգամավորը նաև նշեց, որ իշխանության ներկայացուցիչները շահարկում են իր ընտանիքի անդամների անունները՝ փորձելով քաղաքական ճնշում գործադրել իր վրա։ Նրա խոսքով՝ իր հայրը երկար տարիներ պետական ծառայող է եղել, սակայն այժմ նրա նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել։
«Ուզում եք ինձ ցավացնե՞լ։ Այդ քայլերով ինձ ցավացնել անհնար է։ Ինձ ցավացնում է Արցախի ու հազարավոր տղերքի կորուստը»,- հայտարարեց նա։
Գրիգորյանը պնդեց նաև, որ իր քաղաքական դիրքորոշման պատճառով աշխատանքից ազատվել է իր եղբայրը, իսկ հոր նկատմամբ սկսվել են տարբեր գործընթացներ։ Նա նաև մեղադրեց իշխանություններին իրենց հարազատներին պետական համակարգում տեղավորելու մեջ։
Ելույթի ավարտին պատգամավորը կոչ արեց քննարկումները տեղափոխել անձնական դաշտից դեպի քաղաքական գործընթացների գնահատում։
«Ամեն անգամ իմ մասին եք խոսում։ Սատանան դիվահարվում է խաչի, որոշ ՔՊ-ականներ՝ իմ անունից, դուք հո երեխա չեք։ Այն մարդիկ, որոնք լսում են ինձ, իմ ասածներն ընդունում են, գիտեն՝ ես ով եմ։ Եկեք ոչ թե անձանց, այլ գործողություններն ու գործընթացները քննարկենք»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ իշխանությունները նյարդայնանում են այն պատճառով, որ կա ընդդիմություն, որը, ըստ նրա, կարող է ձայների մեծամասնություն ստանալ ընտրություններում։