Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար
Աջակցիր «Ա1+»-ինUcom-ի աջակցությամբ՝ Երկվորյակ լճերի տարածքում տեղադրվել է արհեստական բանականությամբ (AI) աշխատող մոնիթորինգային նոր տեսախցիկ, որը կծառայի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR), ինչպես նաև հարակից «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանությանը։
Նոր տեսախցիկը հնարավորություն կտա շուրջօրյա վերահսկել դժվարանցանելի և բնապահպանական առումով զգայուն տարածքները։ Բարձր թողունակության, ցերեկային և գիշերային նկարահանման ռեժիմների ու արհեստական բանականության ալգորիթմների շնորհիվ հնարավոր կլինի հետևել վայրի բնությանը՝ առանց կենդանիների բնական կենսագործունեությանը միջամտելու կամ նրանց անհանգստացնելու։
Արհեսատական բանականության համակարգը կարող է արագ արձանագրել շարժումն ու ոչ ստանդարտ ակտիվությունը՝ պահպանության ծառայությանը հնարավորություն տալով ժամանակին արձագանքել ապօրինի մուտքերին կամ հնարավոր այլ վտանգներին։ Միաժամանակ հավաքագրվող տվյալները կօգնեն առավել ամբողջական պատկերացում կազմել տարածքում կենդանիների տեղաշարժերի և էկոհամակարգում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ։
«Տեխնոլոգիան այսօր կարող է ոչ միայն կապել մարդկանց, այլև իրական գործիք դառնալ բնության պահպանության համար։ Ucom-ի համար կարևոր է, որ մեր տեխնոլոգիական հնարավորությունները կիրառվեն նաև այնպիսի նախաձեռնություններում, որոնք երկարաժամկետ արժեք են ստեղծում Հայաստանի բնության և ապագա սերունդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«CBD COP17-ին ընդառաջ՝ Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա բնապահպանության իրական ու նորարարական լուծումներով։ CWR-ում AI տեխնոլոգիաների ներդրումը Ucom-ի հետ համատեղ ապացուցում է, որ տեղական մակարդակում ճշգրիտ պաշտպանությունն ու մոնիթորինգն են գլոբալ կենսաբազմազանության պահպանման հիմքը», - ընդգծել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ժամանակակից մոնիթորինգային տեխնոլոգիաների կիրառումը հատկապես կարևոր է այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ու «Խոսրովի անտառ» պետական արգելոցը, որտեղ պահպանվում են Հայաստանի եզակի էկոհամակարգերն ու հազվագյուտ կենդանատեսակների ապրելավայրերը։
Նախաձեռնությունը Ucom-ի բնապահպանական ծրագրերի շարունակությունն է։ Ընկերությունը տարբեր նախագծերի շրջանակում աջակցում է տեխնոլոգիական լուծումների ներդրմանը բնության պահպանության ոլորտում՝ նպաստելով կենսաբազմազանության մշտադիտարկմանը, պահպանության արդյունավետության բարձրացմանն ու բնապահպանական նախաձեռնությունների զարգացմանը։