Հուսով ենք՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կմասնակցեն ընտրություններին. Պուտինը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը կարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին. հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահն իր ելույթում ասել է․ «Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի ընկերներ, մենք շատ ուրախ ենք ձեզ տեսնել Մոսկվայում։ Շատ շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը։
Մենք տեսնում ենք, որ Հայաստանի ներքաղաքական գործընթացները թափ են հավաքում, և շուտով ընտրություններ են։ Այս առնչությամբ ինչի՞ վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել։ Կցանկանայի անդրադառնալ մի քանի հանգամանքի։ Գլխավորը՝ որպեսզի այս ներքաղաքական գործընթացները, իսկ դրանք միշտ սրվում են ցանկացած նախընտրական արշավի ընթացքում, այդ սրացումը, վստահ եմ, որ Հայաստանում էլ նույնն է, ինչ Ռուսաստանում և աշխարհի մյուս երկրներում, որպեսզի որևէ կերպ չվնասեն Ռուսաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերություններին։
Մենք Ձեզ հետ բազմիցս խոսել ենք այդ մասին․ Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերություններ են, դրանք ձևավորվել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ Մեզ միավորում են ընդհանուր պատմությունը և անցյալում համատեղ ջանքերով ընդհանուր խնդիրների լուծումը։ Մեզ միավորում է նաև քաղաքակրթական ընդհանրությունը։ Սա չափազանց կարևոր է։
Ես Ձեզ մեկ անգամ առանձնազրույցի ժամանակ ասել եմ, կարող եմ ասել նաև հրապարակայնորեն․ մեզ միշտ բավարարում է այն ամենը, ինչ բխում է հայ ժողովրդի շահերից։ Եվ Դուք միշտ կարող եք դա ի նկատի ունենալ։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այն զարգանում է լավ տեմպերով։ Նախանցյալ տարում շրջանառությունը կազմել է 11 միլիարդ դոլար։ Իսկ նախորդ՝ 2025 թվականին՝ 6,4 միլիարդ։ Կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ, օրինակ, հարևան երկրի՝ Ադրբեջանի հետ այդ ցուցանիշը պակաս է հինգ միլիարդից՝ 4,9։ Այնուամենայնիվ, դա ինչ-որ բան վկայում է։ Եվ այդ 6,5 միլիարդից 1,2 միլիարդ դոլարը գյուղատնտեսական արտադրանք է։ Դա բանջարեղեն է, միրգ, գինի, այսինքն՝ այն ամենը, ինչ արտահանում է Հայաստանը։
Այս կապակցությամբ, իհարկե, մենք Ձեզ հետ նույնպես խոսել ենք, որոշ հարցեր, իմ կարծիքով, բավական կարևոր են մեր հարաբերությունների համար։ Դրանք են, օրինակ, էներգետիկան, գյուղատնտեսությունը, որը ես արդեն նշեցի։
Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընթանում է քննարկում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ, հասկանում ենք, որ ցանկացած երկիր ձգտում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Սակայն պետք է ակնհայտ լինի, պետք է ազնիվ կերպով, նախապես, ինչպես ասում են, ի սկզբանե ասված լինի, որ Եվրամիության հետ մաքսային միությունում լինելը և ԵԱՏՄ-ում գտնվելն անհնար է։ Դա պարզապես անհնար է։ Եվ հարցը նույնիսկ քաղաքական չէ, այլ զուտ տնտեսական բնույթի է։ Քանի որ որոշ հարցեր պահանջում են համատեղ մեծ աշխատանք, որը պետք է տարվի տարիներով։ Դա առանձին ապրանքային խմբերի գնահատման տարբերությունն է, այդ խմբերի մուտքը շուկա։ Դա բոլոր ապրանքների համար ֆիտոսանիտարական վերահսկողությունն է։ Ռուսաստանում և Եվրամիության երկրներում ֆիտոսանիտարական պահանջները լիովին տարբեր են, էապես տարբերվում են։ Կան նաև բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք այսօր, այս պահ, ինչ-որ պահի, գուցե տարիներ անց, մենք՝ ԵԱՏՄ-ն և Եվրամիությունը, հույս ունեմ, որ այդպես էլ կլինի, վերջիվերջո նույն մայրցամաքում ենք ապրում, կկարողանանք կարգավորել հարաբերությունները։ Բայց նույնիսկ ուկրաինական ճգնաժամից առաջ, երբ փորձում էինք եվրոպացիների հետ պայմանավորվել, որպեսզի համատեղ ինչ-որ կերպ աշխատենք, ոչինչ չստացվեց։ Նրանք զբաղեցնում են շատ կոշտ դիրքորոշում՝ գործնականում յուրաքանչյուր հարցի շուրջ, նույնիսկ այնպիսի հարցերի, որոնք ինձ այն ժամանակ թվում էին մանր։
Հիմա՝ ինչ վերաբերում է էներգետիկային։ Հույս ունեմ, որ այստեղ էլ իրավիճակը կկարգավորվի։ Սակայն այսօրվա դրությամբ, Դուք գիտեք, էներգակիրների գները, օրինակ՝ գազի գինը Եվրոպայում անցնում է 600 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց, իսկ Ռուսաստանը գազ է վաճառում Հայաստանին 177,5 դոլարով 1000 խորանարդ մետրի դիմաց։ Տարբերությունը մեծ է։ Տարբերությունը էական է։
Մենք այս հարցում էլ հաճախ Ձեզ հետ վիճում ենք։ Ես գիտեմ, որ Դուք պնդում եք էներգակիրների գնի որոշման այլ եղանակների վրա, բայց սրանք, այնուամենայնիվ, այլ իրավիճակ է՝ 600 և 177,5։
Իսկ եթե նայենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի տնտեսության հետ, չգիտեմ, ինձ թվում է՝ Դուք էլ եք այդպես գնահատում․ վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ։ Կրկնում եմ՝ սա Ձեր որոշումն է, ի վերջո Ձեր թիմի, Ձեր փորձագետների որոշումը՝ որտեղ և ում հետ, ինչ հիմքի վրա աշխատել։
Հիմա՝ անվտանգությանը վերաբերող հարցերը։ Իհարկե, ամենազգայուն հարցը մինչ օրս՝ մենք դա հասկանում ենք, մենք հաճախ ենք այդ մասին խոսում, այն ամենն է, ինչ կապված է Ղարաբաղի հետ։ Մենք մշտապես այդ մասին խոսում ենք։ Եվ մենք գիտենք, որ թե՛ Ձեր, թե՛ Ձեր գործընկերների մոտ առաջացել են և մինչ օրս առաջանում են հարցեր և որոշակի դժգոհություններ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Մենք մշտապես վերադառնում ենք այս հարցին։ Բայց կարծում եմ՝ նաև ակնհայտ է, որ այն բանից հետո, երբ Դուք 2022 թվականին Պրահայում ընդունեցիք, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում, ՀԱՊԿ-ի միջամտությունն այս գործընթացին, որը ստացել է ներադրբեջանական երանգ, պարզապես բացարձակապես սխալ էր այդ հարցում՝ կապված Ղարաբաղի վերամիավորման հետ, եթե այն համարենք Ադրբեջանի մաս․ սա գնահատական չէ, ես չեմ ասում, որ սա լավ է կամ վատ, խաղաղ կյանքի կազմակերպման տեսանկյունից, կարծում եմ, որ, հավանաբար, դա իմաստ ուներ։
Եվ, ի դեպ, այսօր, Ձեր և Ադրբեջանի նախագահի ջանքերի շնորհիվ, կարծում եմ, հաջողվել է դուրս գալ հարաբերությունների կայունացման մակարդակի, և ԱՄՆ նախագահը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել դրանում։ Եվ, իմ կարծիքով, նաև տրանսպորտային ուղիներն են ապաշրջափակվում և այլն։ Այստեղ պարզապես պետք է փնտրել հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիներ։ Բայց ինձ թվում է, որ այստեղ էլ պետք է վերջակետ դնել, և ավելի լավ կլիներ, եթե սա չդառնար ներքաղաքական գործընթացի մաս, հատկապես նախընտրական արշավի ընթացքում։
Եվ վերջապես, Հայաստանում մենք շատ ընկերներ ունենք, շատ, մենք դա գիտենք։ Շատ հայեր են ապրում Ռուսաստանի Դաշնությունում։ Կարելի է տարբեր կերպ հաշվարկել, մենք համարում ենք՝ ավելի քան 2 միլիոն մարդ։ Եվ հենց մեր ներքին գործերի նախարարության վիճակագրական տվյալներն են այդ մասին վկայում։ Եվ կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ դիրքորոշում ունեն։ Իհարկե, ես Ձեզ բացահայտ կասեմ՝ մեր միջև այնպիսի երկխոսություն է, որ մենք միշտ խոսում ենք ազնվորեն և ուղիղ։ Մենք շատ կցանկանայինք, որ այս բոլոր քաղաքական կուսակցությունները, քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին՝ ընտրությունների ընթացքում։ Ոմանք, գիտեմ, գտնվում են ազատազրկման վայրերում, չնայած այն հանգամանքին, որ ունեն Ռուսաստանի անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, մենք չենք միջամտում, բայց կցանկանայինք, որ նրանք, առնվազն, կարողանային մասնակցել այս ներքաղաքական գործընթացին։
Եվ ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ինչ էլ տեղի ունենա, մենք Ռուսաստանում միշտ առաջնորդվելու ենք նրանով, թե ինչն է ձեռնտու հենց հայ ժողովրդին։ Ես դա միշտ ասել եմ Ձեզ և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել։
Հույս եմ հայտնում, որ ինչպես էլ ավարտվեն ընտրությունները Հայաստանում, մեր ընդհանուր տրամադրվածությունը՝ ռուս-հայկական հարաբերությունների կառուցման և ամրապնդման ուղղությամբ, կշարունակվի։ Շնորհակալություն»։