Ավտովթար՝ Շիրակի մարզում. կա 4 զոհ, 4 վիրավոր
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել և կան տուժածներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով 4 հոգի մահացել են, 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի, տեղակալի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են հատուկ պահպանվող տարածք։