«Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» ցուցահանդեսը՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Դիլդիլյաններ. լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։
Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի և Դիլդիլյան ընտանիքի ժառանգորդ, Հարավային Կոնեկտիկուտ համալսարանի փիլիսոփայության բաժնի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանի հետ համագործակցությամբ։
Թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ ցուցադրության նպատակն է ներկայացնել Հայաստանից դուրս պահպանվող արժեքավոր ժառանգությունը.
«Այս ցուցադրությամբ, որ տեղի է ունենում Հայոց ցեղասպանության տարելիցին մոտ շրջանում, մենք ցանկանում ենք ներկայացնել այն արժեքավոր ժառանգությունը, որը պահվում է Հայաստանից դուրս»։
Դիլդիլյանների մի քանի սերունդ դեռևս 19-րդ դարից լուսանկարչությամբ են զբաղվել Օսմանյան կայսրության տարբեր քաղաքներում՝ Սեբաստիայում, Մարզվանում, Սամսունում և այլուր։ Բռնագաղթից հետո նրանք հաստատվել են Հունաստանում և ԱՄՆ-ում, որտեղ ևս շարունակել են իրենց գործունեությունը։
Ցուցահանդեսը հիմնված է Դիլդիլյան ընտանիքի արխիվի վրա՝ ներառելով ապակե նեգատիվներ, գծանկարներ, փաստաթղթեր, նամակներ, ինչպես նաև Ցոլակ և Արամ Դիլդիլյանների կողմից շուրջ 34 տարիների ընթացքում արված տասնյակ լուսանկարներ և ընտանեկան ժառանգության այլ ուշագրավ իրեր։
Դավիթ Պողոսյանի խոսքով՝ Դիլդիլյանները ոչ միայն ականատես են եղել պատմական ողբերգական իրադարձություններին, այլև աջակցել են Ցեղասպանությունից տուժած բազմաթիվ հայերի.
«Այս ընտանիքը ոչ միայն ապրել է այս իրադարձությունները, այլ նաև օգնել է Ցեղասպանությունից տուժած շատ հայերի»։
«Իհարկե, պետք է կարևորել նաև ցուցահանդեսի բացման օրը՝ ապրիլի 24-ի նախօրեն։ Հույներն ու հայերն ունեցել են նման ցավալի փորձ՝ ցեղասպանություն, ջարդեր, ու դրանց մասին կարևոր է միշտ հիշել»,- ասաց ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը։
Իր հերթին, Արմեն Մարսուբյանը նշեց, որ ուրախ է ցուցահանդեսը Երևանում ներկայացնելու համար․
«Ուրախ եմ, որ ցուցահանդեսը այսպես լիակատար կերպով կազմակերպվեց Երևանում, իմ նախնիները հաստատ գոհ կլինեին։ Իհարկե արտերկրում ունեցել ենք բազմաթիվ ցուցադրություններ, նույնիսկ 4 կամ 5 հատ Թուրքիայում, երբ առաջ դա հնարավոր էր»,- ասաց Արմեն Մարսուբյանը։
Ցուցահանդեսի նյութերը հատուկ տեղափոխվել են Հայաստան և հասանելի կլինեն այցելուներին մինչև հունիսի 20-ը։