Բացել լրահոսը Փակել լրահոսը
729784938_1404023514890776_6882827228574043838_n
A A
Պաշտոնական

Մարտ ամիսն ամենատեղումնառատն էր Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են․

2026 թվականի գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում՝ 4․3 °C, նորմայից ցածր էր 0․7 °C-ով: Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման՝ կազմելով նորմայի 131 %-ը։ Տեղումնառատ էին մարտ և ապրիլ ամիսները, երբ տեղումների ամսական քանակը կազմել էր համապատասխանաբար նորմայի 199 % և 131 %-ը։ Այս տարվա գարունը 12-րդ խոնավն էր սկսած 1935 թվականից։

❄️Մարտը ամենատեղումնառատն էր Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ամբերդ և Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայաններում ամսական տեղումների քանակը համապատասխանաբար կազմեց 217․9 մմ և 278․6 մմ, որը 3-ից 5 անգամ գերազանցում է նորման։ Ձյան շերտի բարձրությունը մարտի 28-ին Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանում հասավ 324 սմ-ի, որը ռեկորդային բարձր ցուցանիշ է։

🥶Ջերմաստիճանի կտրուկ նվազում դիտվեց ապրիլի 14-16-ը, երբ հանրապետության շրջանների մեծ մասում օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից 5-7 °C-ով, իսկ ապրիլի 15-ին և 16-ին Արարատյան դաշտում գիշերային ժամերին դիտվեցին բացասական ջերմաստիճաններ։ 2026 թվականի գարնան ամենացածր ջերմաստիճանը դիտվեց մարտի 10-ին Ծաղկահովիտում՝ -20․5 °C, իսկ ամենաբարձրը՝ մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։

🌩️Մայիսին առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ։ Ստեփանավանում մայիսի 6-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։

📚1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք գարունը դիտվել է 2018 թվականին, երբ օդի միջին սեզոնային ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C, իսկ ամենացուրտը՝ 1949 թվականին՝ 1․8 °C միջին սեզոնային ջերմաստիճանով։

💧Ամենախոնավ գարունը դիտվել է 1963 թվականին, երբ տեղումների սեզոնային քանակը կազմեց 351 մմ, իսկ ամենաչորը՝ 1989 թվականին՝ 104․4 մմ սեզոնային գումարային տեղումների քանակով։

📈Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ գարնան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 2․0 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 10 %-ով։