Բացել լրահոսը Փակել լրահոսը
Multi-Wellness_2
A A
Տնտեսություն Հասարակություն

«Մուլտի Ուելնեսը» դատի է տվել Երևանի քաղաքապետարանին

«Մուլտի Ուելնես» կենտրոնը դիմել է դատարան։ Կենտրոնը դատական կարգով վիճարկում է Երեւանի քաղաքապետարանի որոշումը, որով ընկերությունը զրկել է կառուցապատման իրավունքից եւ տարածքն անցել է համայնքին:

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումով պահանջում են կիրառել անվավերության հետեւանքներ՝ անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի դադարեցման և Երևան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումները՝ վերականգնելով «Մուլտի Ուելնես» կենտրոն ՍՊ ընկերության կառուցապատման իրավունքի պետական գրանցումը։

«Ա1+»-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Օհանյանը մանրամասներ չհայտնեց՝ նշելով, որ լիազորված չէ հայցադիմումի վերաբերյալ ինֆորմացիա տրամադրելու։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը միակողմանիորեն դադարեցրել էր կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի հետ կնքած պայմանագիրը: «Մուլտի Ուելնես» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի հետ 2016 թվականի հողի վարձակալության պայմանագրով մինչեւ 2065 թվականը վարձակալության պայմանագիր էր կնքել։ Ներկայումս ոչ միայն հողը,այլ նաեւ շինությունը եւ ներսում եղած գույքն անցել է Երեւանի քաղաքապետարանին։

Հայցադիմումը մակագրվել է Երեւանի քաղաքացիական դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ Դեռ հայտնի չէ, դատավորն այն ընդունել է վարույթ, թե՝ ոչ։