Կոմպլեմենտար քաղաքականությունը՝ տնտեսությա՞ն մեջ
Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ 8 երկրների միջեւ կնքված Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագիրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը համարում է ճիշտ ժամանակին:
«Վաղ, թե ուշ տարածաշրջան պետք է մուտք գործեն այն գործընթացները, որոնք տեղ են գտնում համաշխարհային տնտեսության մեջ: Դրա լավագույն օրինակներից է ԵՄ-ն, Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտին, Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիան եւ այլն: Մինչ ԵՄ անդամակցության ծրագրերի իրագործումը, կարծում եմ՝ խելամիտ քայլ է համադրելի մակարդակներում գտնվող երկրների շնորհիվ ձեւավորել ազատ առևտրի գոտի»,- այսօր «Ա1+»-ին ասաց պարոն Մանասյանը:
Նրա կարծիքով ԱՊՀ շրջանակներում կնքված Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին փաստաթուղթը հակակշիռ է տնտեսական գլոբալացման գործընթացներին. «Չզրկելով յուրաքանչյուր երկրին տնտեսական ինքնուրույն քաղաքականություն մշակելուց եւ իրականացնելուց»:
Ազատ առեւտրի գոտում ստեղծումը տնտեսագետը գնահատում է որպես տնտեսական ինտեգրացիայի 4 հիմնական ձեւերի շրջանակներում. «Ազատ առեւտրի գոտու ստեղծումը առաջին փուլն է: Սրան հաջորդում է մաքսային գոտու ստեղծումը: Ի դեպ, հենց մաքսային գոտու ձեւավորման էր ուղղված տարիներ շարունակ ՌԴ-ի ջանքերը, որը իրականություն չդարձավ, քանի որ պետք էր սկսել ազատ առեւտրի գոտուց: Այնուհետեւ ընդհանուր շուկայի եւ, ի վերջո, տնտեսական եւ քաղաքական միության ձեւավորումն է, որը առկա է ԵՄ-ում»:
Տնտեսագետը որեւէ հակասություն չի տեսնում ԵՄ-ի եւ ԱՊՀ շրջանակներում ստորագրված Ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրերի միջեւ եւ չի կարծում, որ փաստաթուղթը կխոչընդոտի ՀՀ-ի ԵՄ-ին ինտեգրվելուն. «Սա ինչ-որ տեղ հակակշռում է ձգտումները դեպի ԵՄ, որը մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի համար շատ ավելի խնդրահարույց է, քան մեզ համար՝ հաշվի առնելով վերջին տարիներին ՌԴ-ԵՄ-ի միջեւ գազային եւ նավթային խնդիրները»: